ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ դեկտեմբերի 6-ին Փարիզում հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Հենոնի հետ։ Կողմերը քննարկել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Թաթոյանը մասնավորապես նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը առանձին անդրադարձել է նաեւ ադրբեջանական զինծառայողների կողմից հայ զինծառայողների եւ քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, դրանց թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվության հարցին։
Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում եւ ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ են պահում երկու ժողովուրդներին, վտանգում այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։
«Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում եւ դրանից հետո»,- շեշտել է Պաշտպանը։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանը շոշափել են նաեւ մարդկանց վրա համավարակի առաջացրած բացասական հետեւանքները, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը։