Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ դեկտեմբերի 07-ը` ժամը 11.00-ն:
Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր 67 դիմումներ են ստացվել 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում:
Ինչ վերաբերում է տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն, տարածքային ընտրական հանձնաժողովները նման դիմումներ չեն ստացել:
ԿԸՀ-ն որոշում է ընդունել, որ վերահաշվարկ կիրականացվի թիվ 15, 21, 23, 27, 28, 29 տարածքային ընտրական հանձնաժողովներում։
Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 14:00-ից: