Շիրակի մարզում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով 33 տարի անց վթարայնության տարբեր աստիճանի 114 շենքեր կան։ Տասներեքն ամենաանմխիթար վիճակում են, առավելագույն՝ չորրորդ կարգի վթարայնության։
Այս շենքերից 92-ը Գյումրիում են, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։
2221 ընտանիք է դեռեւս գոյատեւում անմարդկային պայմաններում, սեփական տան մեջ ահ ու դողով ապրում։ Ձմեռնամուտն էլ իսկական փորձություն է հազարավոր շիրակցիների համար։ Կիսափուլ այս շենքերին Գյումրիում երկրաշարժի ուրվականներ են ասում, որոնք իրենց մռայլ ներկայությամբ ոչ մի կերպ թույլ չեն տալիս մեղմացնել 33 տարվա վաղեմության բնական աղետի ծանր հիշողությունները։
2019 թվականին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը խոստացել էր վերջապես լուծում տալ խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարային խնդրին։ Ղուկասյան 29-ը դրանցից մեկն էր։ Համավարակն ու պատերազմը, սակայն, հերթական անգամ անհայտ ժամանակով հետաձգեցին խնդրի լուծումը։
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ կառավարության այս տարվա ծրագրում անօթեւանության հարցը եւս մեկ անգամ ամրագրված է, եւ դա կառավարության առաջնահերթություններից է։ Թե ինչպես կլուծվի Ղուկասյան 29-ի հարցը, պարզ կլինի եկող տարում։
Փաստորեն այս ձմեռը եւս բնակիչները ոչ թե կապրեն, այլ կպայքարեն շիրակյան սառնամանիքի ու կաթոցների դեմ։
Երբ 1974 թվականին Սուսաննա Դավթյանը հարս եկավ Գյումրու կենտրոնում գտնվող Ղուկասյան 29-ի բնակարաններից մեկը, շենքը քաղաքի լավագույններից էր։ Տիկին Սուսաննայի կյանքը լավ էր դասավորվել՝ լավ տուն ու տեղ, ամուսին, երկու արու զավակ ուներ։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին տասնյակ հազարավոր բեկված ճակատագրերին տիկին Սուսաննայինն էլ ավելացավ։ Հիշում է, կրտսեր որդին ոտքը վնասել էր, այդ օրը դպրոց չգնաց, լուրջ վնասվածքը փրկեց տղայի կյանքը։ Ավագ որդին՝ Հրաչը, մի փոքր վատառողջ էր, դպրոց գնալ չէր ուզում։ Ստիպեց, ուղարկեց․․․ Ուղարկեց ու էլ երբեք չտեսավ նրան։
Շենքի հարեւանությամբ գտնվող տասներորդ դպրոցում էր տղան։ Տիկին Սուսաննան հիշում է միայն, որ ծնողները խելագարված վազվզում էին փլատակների շուրջը, փորձում սեփական ուժերով գտնել երեխաներին։ Ավագ որդուն գտել են երեկոյան ժամը վեցին, բայց, ավաղ, անկենդան։
«Դրանից հետո ապրեցինք մի կերպ, բայց ինչ ապրել էր դա»,- ասում է տիկին Սուսաննան։ Մեկ տարուց Դավթյանների ընտանիքում աղջիկ է ծնվում՝ իր հետ բերելով կյանքը նորից սկսելու ուժ ու կամք։
Խարխուլ պատերն ու շենքից թափվող քարերը, սակայն, ո՛չ ուժ, ո՛չ էլ կամք չեն թողել բնակիչներին լիարժեք ապրելու համար։ «Մեր շենքը այսքան քանդված չէր։ Ժամանակին տեր լինեին, այս աստիճանի վթարային չէր դառնա։ Հիմա էլ չգիտենք՝ քանդելու են, թե ամրացնելու։ Անչափ դժվար է մի ողջ կյանք ապրել անհայտության ու սպասման մեջ»,- դժգոհում է տիկինը։
Մի բան, սակայն, հստակ է որոշել․ «Հույսով ապրում ենք, չենք ուզում գնալ մեր երկրից, խնդրում ենք, մի փոքր էլ մեր մասի՛ն մտածեք, տե՛ր եղեք ժողովրդին, վերջնականապես մի՛ կոտրեք մեր մեջ հավատը վաղվա օրվա հանդեպ»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։