Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քիչ առաջ ավարտված առցանց հանդիպումը տեւել է ավելի քան երկու ժամ:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի նախագահը ԱՄՆ նախագահի հետ կապի է դուրս եկել Սոչիի Բոչարով Ռուչեյ նստավայրից:
Հանդիպումն ընթացել է տեսակապի փակ ալիքով։ Լրագրողներին ցուցադրել են շփման առաջին կադրերը։
ԱՄՆ նախագահը ափսոսանք է հայտնել, որ միմյանց չտեսան «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ։ Նա նշել է, թե հույս ունի, որ հաջորդ անգամ կհանդիպեն դեմ առ դեմ։ Պուտինը հավանություն է տվել Բայդենի առաջարկին։
Դրանից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով, ինչպես հայտարարվել էր նախապես:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ բավական հանգամանալից եւ տեւական տեսակոնֆերանս է լինելու: Նա նշել է, որ նախատեսվում է քննարկել Ուկրաինայի շուրջ տիրող լարվածությունը, ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի սահմաններին մոտենալու հարցն ու Պուտինի նախաձեռնությունը անվտանգության երաշխիքների մասին։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի առաջնորդը Բայդենի հետ խոսելու է ոչ թե հիմնվելով հույզերի վրա, այլ ազգային շահերով պայմանավորված։ Պեսկովը շեշտել է, որ Պուտինը մտադիր է իր մտահոգությունները հասցնել ամերիկացի գործընկերոջը, լսել նրան եւ պարզաբանումներ տալ ու ստանալ:
Սա Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հինգերորդ շփումն էր Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո:
Ըստ Bloomberg-ի՝ Սպիտակ տունը նշել է, որ Բայդենը Պուտինի հետ բանակցությունների մասին կխոսի Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ։ Նա մտադիր է օրերս զրուցել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։