ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին հորդորում է ավելի շատ ջանքեր գործադրել տեղահանված անձանց եւ փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ուղղությամբ:
«Մենք շահագրգռված ենք, որ ՄԱԿ-ի ՓԳՀ-ն ավելացնի աշխատանքները տեղահանված անձանց եւ փախստականներին վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ հրադադարի եւ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում»,- ընդգծել է Կուզմինը։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Գենադի Կուզմինը նշել է, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդունակ է համալիր աջակցություն ցուցաբերելու ապաքաղաքականացված հիմքով, խնդիրների նեղ մարդասիրական բնույթի շեշտադրմամբ։
«ՓԳՀ-ին հորդորում ենք շարունակել Երեւանի եւ Բաքվի հետ երկխոսությունը տարածաշրջանում մարդասիրական հասանելիություն ստանալու համար»,- ընդգծել է ռուս դիվանագետը։