Նիկոլ Փաշինյանի հակառակորդները ամեն օր եւ ամեն ժամ կանխատեսում են նրա հեռացումը կամ էլ փախուստը։ Միգուցե անզորությունից կամ էլ մարգարեանալու ձգտմամբ նրանք պնդում են, թե պետական համակարգը փլուզված է, տնտեսությունը ճաքեր է տալիս, եւ իշխանությունը պարզապես փախչում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից։ Կամ էլ ասում են, թե Փաշինյանի քաղաքական գոյությունը հետեւանք է մեծ տերությունների կոնսենսուսի (Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել), եւ փաստաթղթերի ստորագրումից հետո նրան անմիջապես կհեռացնեն։
Եթե անկեղծ, ապա ես տարակուսանքով եմ վերաբերվում նման կանխատեսումներին, քանի որ իմ դիտարկումների համաձայն կյանքի է կոչվում լրիվ հակառակը․ ինչքան շատ են կանխատեսում Փաշինյանի կործանումը, այնքան նրա իշխանությունն ամրապնդվում է՝ հավակնելով դեռ երկար ժամանակ իշխելու եւ տիրապետող դիրքեր զբաղեցնելու։
Հայաստանում իշխանության պահպանման եւ իշխանափոխության հիմնախնդիրները այդքան էլ հեշտ ու պարզունակ չեն, որքան ներկայացվում են։ Գործ ունենք բազմաշերտ եւ բավականին բարդ իրողությունների հետ, որոնց համալիր ներգործությամբ եւ համակցությամբ ձեւավորվում է իշխանությունը, իսկ օտարման եւ վանման պարագայում էլ այդ նույն համակարգը փլուզվում է։
Ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ
Ես թերահավատորեն եմ վերաբերվում պատմական զարգացման համընդհանուր օրինաչափություններին, բայց ավտորիտարիզմից ժողովրդավարության անցում կատարելու հայկական փորձը ապացուցում է այն տեսությունը, որ ժողովրդավարությունը ավտորիտար համակարգի դեմ պայքարում, հաճախ յուրացնում է վերջինիս գործիքակազմն ու փիլիսոփայությունը։ Ավելի շուտ սա ոչ թե օրինաչափություն է, այլ բնական անհրաժեշտություն, որը ի հայտ է գալիս իշխանության վերարտադրությունը ապահովելու նպատակով։
Կարծում եմ, Փաշինյանը ընտրել է հենց այս մեթոդաբանությունը՝ յուրացնելով եւ արդիականացնելով ՀՀԿ-ական համակարգի գրեթե բոլոր գործիքներն ու ատրիբուտները։ Իսկ սա ենթադրում է պետական միահեծան եւ պատժիչ բուրգի առկայություն, որի գագաթին բազմած է անսխալ նավավարը՝ Նիկոլ Փաշինյանը։ Սա աստիճանական գործընթաց է, որը մեկնարկեց այն պահից, երբ թավշյա օլիգարխները մուտք գործեցին պառլամենտ, իսկ վարչապետի լուսանկարներն էլ մեկ գիշերվա ընթացքում օկուպացրին պետական հաստատությունները։
Պատժիչ պետական համակարգը, իշխանության հետ սերտաճած կապիտալն ու խորհրդանիշները ավտորիտարիզմի հիմնական ատրիբուտներն են։ Այնպես չէ, որ այս եռամիասնությունն արդեն իսկ վերջնականպես կայացել է, բայց ինչպես վերեւում նշեցինք, սա աստիճանական գործընթաց է։ Նախեւառաջ անհրաժեշտ է հպատակեցնել ուժային կոչվող կառույցները, ինչին եւ լծվել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդիր է դրված կոտրել այս ինստիտուտների ատամները, իսկ առաքելությունը ստանձնել են վարչապետի կողմից գործուղված կոմիսարները։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասվածի լավագույն վկայությունն է՝ հավասարներից ամենահավասար կոմիսարը, որի առաքելությունն ամենեւին էլ բանակաշինությունը չէ։ Ստալինյան դաստիարակություն ստացած, այսինքն՝ ամորձատված գեներալներին էլ մնում է միայն մոռանալ անցած տարվա իրենց երջանիկ ապրումները պատերազմի դադարեցման կապակցությամբ։ Բանակը գոնե ատամներ ունի, թեեւ կոտրված, բայց ունի, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ ողնաշարի փնտրտուքների մեջ են՝ ձանձրացած նախորդ երեք տարիների ժողովրդավարական խաղիկներից։ Անհրաժեշտ է մի նոր պախան, որն արդեն իսկ կա։ Տակը էլ բան չմնաց, իսկ էկոնոմիկայի նախարարն էլ դժվար թե հեղաշրջում նախաձեռնի, նրանը վիճակագրական մանիպուլյացիան է։
Նոր էլիտա եւ նոր օլիգարխներ
Ֆեյսբուքում իշխանությանը հայհոյող ինտելեկտուալները այդպես էլ չհասկացան, որ Փաշինյանը թքած ունի իրենց կարծիքի վրա, եւ մեդիա հոսքերում իրենք ընդամենը բակտերիայի կարգավիճակ ունեն։ Պետական համակարգից զատ փաշինյանական ռեժիմի մյուս ազդեցիկ հիմնասյունը գործարարների խավն է կամ էլ առնվազն դրա մի զգալի մասը։ Ինչպես վերջին 25 տարիներին, այնպես էլ հիմա խոշոր կապիտալը հնազանդություն է հայտնել գործող իշխանությանը։
Գործարարների մի մասը սերտաճել է իշխանության հետ՝ փոխակերպվելով օլիգարխի, մյուս մասն էլ արտոնություններ եւ համեմատաբար ազատ գործելու հնարավորություններ ստացել՝ դառնալով յուրային։ Կա նաեւ մեկ այլ խումբ, որի լոյալությունը կորզվել է շանտաժի եւ ճնշումների միջոցով։ Հենց այս ոչ այնքան անկարեւոր հանգամանքը չեն փորձում նկատել իշխանության ընդդիմախոսները։ Սա թերեւս առանցքային նշանակություն ունի ցանկացած իշխանության գոյության եւ շարունակականության համար։ Նույնիսկ նախկին իշխանությունների հետ ամենասերտ կապեր ունեցող գործարարների համար այս իշխանությունը այս շրջափուլում ավելի ձեռնտու է, քանի որ արդի պայմանները շատ ավելի տանելի են, քան անցյալի հիերախիկ բուրգը։ Բացի այդ՝ անհրաժեշտ է նկատել, որ խոշոր բիզնեսը ավելի մեծ նվեր չէր կարող ստանալ, քան համահարթ եկամտահարկը։
Ուշադրության արժանի է նաեւ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր վերնախավ (էլիտա) ձեւավորել՝ ինչպես քաղաքական եւ մշակութային, այնպես էլ տնտեսական իմաստներով։ Պատից կախված նոր լուսանկար, նոր օլիխարխներ, պադավատներով կոմիսարներ, նախկիններին հայհոյող ծաղրածուներ եւ այս բոլորին վերահսկող պատժիչ պետական համակարգ։
Կոլաբորացիոնիստ իշխանության կոլաբորացիոնիստ ընդդիմությունը
Մեծ հաշվով ստեղծվում է երկբեւեռ իրականություն. մի կողմում փաշինյանական նոր էլիտան է, իսկ մյուս կողմում՝ այդ էլիտայի հետ համագործակցող զանգվածը։ Այսինքն՝ պայքարողները փոխարինվել են համագործակցողներով։ Նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսները սկսել են համագործակցել այս իշխանության հետ, իսկ Փաշինյանին կոլաբորացիոնիզմի մեջ մեղադրող ընդդիմադիրները իրենց կամքից անկախ եւ նույնիսկ գիտակցությունից աննկատ դառնում են համակարգային։
Հեռու չէ օրը, երբ Ալեն Սիմոնյանն էլ ինչ-որ մի հրաշքով դառնա պարոն speaker։ Ի դեպ, ամենեւին էլ պետք չէ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուների պարտությունները դիտարկել որպես փաշինյանական համակարգի կազմաքանդման մեկնարկ։ Սա էլ է մոլորություն, քանի որ Հայաստանի մեծ ու փոքր համայնքները զրկված են իրական ինքնավարությունից, եւ ընդդիմադիր քաղաքապետները դատապարտված են համագործակցելու կենտրոնական իշխանության հետ, եթե իհարկե չեն ուզում համայնքային կյանքն ու իրենց գործունեությունը պարալիզացնել։
Ստեղծվող այս իրականությունում ընդհանրապես անկարեւոր է դառնում Փաշինյանի վարկանիշի հարցը։ Այն հիմա էլ էապես նվազել է, բայց սա այլեւս 2019-ի իշխանությունը չէ, որի ամենամեծ խնդիրը վարկանիշափրկությունն էր։ Նրանք կառուցում են մի համակարգ, որը թքած ունի անհանգիստ ժողովրդի վրա։ Միեւնույնն է, դեռ տեւական ժամանակ ինչ-որ ազդեցիկ ընտրազանգված շարունակելու է Նիկոլ Փաշինյանին անփոխարինելի դիտարկել, նույնիսկ եթե Ադրբեջանը էլ ավելի խորությամբ ներխուժի ՀՀ տարածք։ Ժողովրդական տրամադրությունների մասին կարող եք կարդալ իմ նախորդ հոդվածում (Հայրենիքը չի սիրվում դատարկ ստամոքսով)։ Մեծ հաշվով ի հայտ է գալիս ավտորիտար մի նոր համակարգ՝ մարդկային դեմքով եւ ժողովրդավարական համազգեստով։
Իշխանափոխության ռուսական պատրանքը
Իսկ հիմա քննարկենք իշխանափոխության ռուսական վարկածը, չէ՞ որ շատ գործիչներ եւ փորձագետներ պնդում են, թե ինչ-որ առաքելություն ավարտին հասցնելուց հետո Մոսկվան (կամ էլ այլ ուժային կենտրոն) հեռացնելու է Փաշինյանին իշխանությունից։
Սկսենք նրանից, որ որեւէ միջազգային կոնսենսուս կամ էլ որեւէ գերտերություն չի կարող ինչ-որ մեկին իշխանության բերել կամ հեռացնել։ Եվ ոչ թե այն պատճառով, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է եւ կարող է ինքնագործունեությամբ զբաղվել, այլ պարզապես դա ներքին, զուտ ներհայկական հարց է։
Շատ կոպիտ ձեւակերպմամբ եւ պատմական համատեքստի ձեւախեղմամբ Հայաստան-Ռուսաստան արդի փոխհարաբերությունները շատ նման են Կիլիկիայի հայկական թագավորության եւ Հուլավյան իլխանության փոխհարաբերություններին։ Կիլիկիայում իշխանությունը ձեւավորվում էր գահաժառանգության իրավունքով, բայց թագավորը պարտավոր էր ներկայանալ իլխանների արքունիք տվչություն (ինվեստիտուրա) ստանալու համար։ Գրեթե միշտ մոնղոլները չեն միջամտել Կիլիկիայի թագավորությունում իշխանության ձեւավորմանը եւ սահմանափակվել են միայն ընդունված կարգին համապատասխան լեգիտիմացնել այն վասալին, ում միջնադարյան իրավունքով պատկանում է իշխանությունը։
Նույն տրամաբանությամբ Ռուսաստանն էլ հիմնականում չի միջամտում Հայաստանում իշխանության ձեւավորմանը։ Դա ներքին օրակարգ է, պարզապես ընտրություններում հաղթած վարչապետը պարտավոր է ներկայանալ Մոսկվա եւ նորից «ինվեստիտուրա» ստանալ, բայց այս պարագայում արդեն 21-րդ դարի իմաստով եւ համապատասխան ծիսակարգով։
Իհարկե դավադրությունների տեսությունների կողմնակիցները կարող են չհամաձայնել այս պարզ ճշմարտության հետ՝ համոզված լինելով, որ այս կամ այն իշխանությունը պարտադիր ձեւավորվում է կա՛մ Մոսկվայի, կա՛մ էլ Վաշինգտոնի քմահաճույքով։ Բայց այս անլուրջ խոսակցությունները թողնենք եւ արձանագրենք շատ կարեւոր մի հանգամանք։ Իշխանություն ձեւավորելու զուտ ներհայկական փաստը ամենեւին էլ չի ենթադրում, որ միջազգային կամ էլ տարածաշրջանային գործընթացները չեն կարող Հայաստանում հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի։ Իսկ սա արդեն իսկ պայմանավորված է, թե Երեւանի իշխանությունները որքանով են արդյունավետ համագործակցում արտաքին դերակատարների հետ եւ արդյոք իրականացնո՞ւմ են իրենց պարտավորությունները, թե՞ ոչ
Չի նշանակում նաեւ, որ այս կամ այն ուժային կենտրոնը չի կարող աջակցել կամ էլ չաջակցել այս կամ այն քաղաքական ուժին։ Բայց ամեն դեպքում Հայաստանի իշխանության հարցը Հայաստանի ներքին օրակարգն է, իսկ արտաքին ազդեցությունները դրսեւորվում են շատ ավելի բարդ եւ համակարգային դրսեւորումներով։ Վարչապետի փոփոխությունը դեռեւս չի ենթադրում պետության եւ դրա հնարավորությունների փոփոխություն, իսկ ո՞վ է այն խելագարը, որը պետք է գա եւ մարտահրավեր նետի Մոսկվային։
Իհարկե այդպիսի մեկը կարող է գալ (ըստ էության եկել է), բայց Կրեմլը չի փորձի հեռացնել նրան իշխանությունից, այլ իր գործողություններով այնպիսի իրավիճակ կստեղծի, որը պատճառ կդառնա խոր քաղաքական ճգնաժամի։ Այսքանից հետո թո՛ղ արդեն Հայաստանում՝ այդ անհանգիստ երկրամասում, համապատասխան հետեւություններ անեն՝ իշխանափոխություն իրականացնե՞լ, թե՞ սանձվել եւ անցնել գործի։ Երկու տարբերակներն էլ Կրեմլում ընդունելի են, միայն թե Ռուսաստանի ռազմավարական շահերը առաջ մղվեն։
Ասվածից հետեւում է, որ Մոսկվայի համար միեւնույնն է, թե ով կբազմի կառավարական ամառանոցում՝ Լավրովյան պլանին հաթաթա տվող, ծեծված ու ջարդված Փաշինյա՞նը, թե՞ սափրված դեմքով ինչ-որ նոր երիտասարդ։ Ըստ էության տիրապետող է սովետական բանակում հայտնի այն ասացվածքը՝ «չգիտես կսովորեցնենք, չես ուզում կստիպենք»։ Փաստացի 2018-2021 թվականներին Հայաստանի քաղաքական ղեկավարության նկատմամբ կիրառվել է հենց այս մեթոդը։ Պատերազմով, թե առանց պատերազմի վերջին տասնամյակում Մոսկվան իր առջեւ խնդիր էր դրել խաղաղապահներ տեղադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունում, ինչը կազմում էր նրա մերձավորարեւելյան մեծ քաղաքականության էական բաղադրիչներից մեկը։
Հայաստանի քաղաքական վերնախավերը ըստ պատշաճի չընկալեցին այս մարտահրավերի ուժգնությունն ու անխուսափելիությունը։ Այսինքն՝ Հայաստանը փաստացի խոչընդոտում էր ռուսական ծրագրերի իրականացումը։ Բայց Հայաստանում ոչ թե իշխանափոխություն եղավ, այլ փոխարենը՝ Լավրովյան պլանին հայհոյող իշխանությունը կյանքի կոչեց այնպիսի մի ծրագիր, որի համեմատ ՌԴ արտգործնախարարի անունը կրող ծրագիրը երկնային մանանա է թվում։
Այսպիսով՝ չպետք է հույսեր կապել, թե ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց կամ էլ փոխզիջումների գնալուց հետո ռուսները Փաշինյանին հեռացնելու են իշխանությունից։ Այդպես չի լինում, եւ աշխարհն էլ մի փոքր այլ եւ նույնիսկ շատ ավելի դաժան մեթոդաբանությամբ է գործում։
Հայաստանում իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ ամենավերեւում մատնանշված բազմաշերտ իրողությունները հանդիպեն եւ միաձուլվեն։ Երբ նորից Երեւանի 3 տոկոս ինքնաբավ երիտասարդությունը փողոց դուրս գա, ժողովրդական զանգվածները կասկածեն Երկրային Երուսաղեմի գոյությանը, պետական համակարգը ճաքեր տա, գործարարներն իրենց աշխատողներին ուղարկեն հանրահավաքի, իսկ Մոսկվայում էլ զանգերին չպատասխանեն։ Բայց հիմա առնվազն նախադրյալներ չկան, մեծ հաշվով հավես եւ ուժ էլ չկա, եթե իհարկե ինչ-որ արտառոց եւ չնախատեսված պայթյուն չարձանագրվի։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։