‹‹Դժվարություններն ավելի են ուժեղացնում մարդուն։ Մենք ավելի ուժեղացանք․․․Մեր ուժերը հավաքեցինք, մեր ընտանիքը նորի՛ց ստեղծեցինք, նորի՛ց կայացանք, նորի՛ց զավակներ ունեցանք ու դաստիարակեցինք››։
Մի հարկի տակ երկու դերասան են ապրում, իրար փոխլրացնում, թեւ ու թիկունք են լինում։ Գյումրիում հայտնի ու սիրված Ֆրունզիկ եւ Ամալյա Ամիրխանյանների դուռը բաց է հյուրերի առաջ։
Զրուցում ենք, ասում-խոսում անցած լավ ու վատ օրերից։
‹‹Մանկուց եմ զգացել, որ բեմի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ու ձգտում ունեմ››,- պատմում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան Ֆրունզիկ Ամիրխանյանը։ Դերասան դառնալու երազանքի ճանապարհը նրան տանում է Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա, որը ղեկավարում էր Երվանդ Ղազանչյանը։ Այստեղ, բացի դերասանական կրթությունից, Ֆրունզիկը գտնում է նաեւ իր կյանքի կեսին՝ Ամալյային, ով նույնպես ուսանում էր Ղազանչյանի մոտ։ ‹‹Երբ տեսա Ամալյային, ասացի՝ կա՝ էս է, չկա՝ էս է։ Իրեն էլ ասացի՝ եթե ինձ հետ չամուսնանաս, ես երբեք չեմ ամուսնանա››։
‹‹Ինձ Ֆրունզի հումորի զգացումն ու անկեղծությունը գրավեցին, ամուսնացանք 1977 թվականին››,- շարունակում է Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի 46 տարվա դերասանուհի Ամալյա Ամիրխանյանը։ Զույգը երկու երեխա է ունենում, լիարժեք երջանկությանն էլ ոչինչ չէր խանգարում։
Ամուսիններով աշխատում էին տիկնիկային թատրոնում։ Տարիների հեռվից Ֆրունզիկ Ամիրխանյանը ժպիտով է հիշում իր առաջին համագործակցությունը տիկնիկի հետ՝ Ալյոնուշկան եւ զինվորը ներկայացման զինվորի դերում։ Կարճ ժամանակում նրա խաղն այնքան է գրավում անձնակազմին, որ սկսում է նույն ներկայացման մեջ մի քանի տիկնիկ խաղացնել՝ կերտելով տարբեր բնավորություններ։
1985 թվականին Գյումրու «Հումորի եւ երգիծանքի» թատրոնից հրավեր է ստանում։ Այնտեղ գլխավոր դերերի ու ստեղծագործական վերելքի նոր ուղի է բացվում դերասանի համար։
Ի տարբերություն ամուսնու՝ տիկին Ամալյան երբեք չթողեց իր սիրելի տիկնիկներին, մնաց ու աշխատեց այնտեղ՝ դառնալով մի քանի սերունդների մանուկների սիրելի ձայնը։
1988-ի դեկտեմբերյան աղետալի օրը ամուսինները վերջին անգամ դպրոց ճանապարհեցին չորրորդ դասարանում սովորող առաջնեկին՝ Հրանուշին եւ առաջին դասարանցի տղային՝ Արտավազդին։
‹‹Շատ ծանր օրեր ունեցանք։ Դիմանալու բան չէր։ Երեխաների քառասունքի օրը երազ տեսա. լացում էի երեխաներիս շիրիմի մոտ, երբ վերից ձայն լսեցի՝ մի՛ լացիր, կո՛ղքդ նայիր։ Նայեցի կողքս, Արտակիս տեսա՝ մեծ, խելացի աչքերով։ Արտակիս հետեւում ավելի փոքր, շիկահեր տղա երեխա էր ինձ ժպտում։ Արթնացա, հիշեցի, որ հղի էի․ անտանելի ցավը ստիպել էր մոռանալ այդ մասին»,- հիշում է տիկին Ամալյան։
‹‹Մենք օգնեցինք իրար, հույս տվեցինք։ Ծնվեց մեր Արտակը, ով պետք է փրկեր, կյանքի գույներ տար մեզ։ Այնուհետեւ ծնվեց Հայկս՝ լիարժեք դարձնելով մեր ընտանիքն ու ապրելու վճռական որոշումը»,- հավելում է Ֆրունզիկ Ամիրխանյանը։
Այնուհետեւ ինչպես բոլոր գյումրեցիները, այնպես էլ Ամիրխանյանները երկար տարիներ ապրեցին տնակում։ Տուն ունենալու երազանքն էլ իրականություն դարձավ ընտանիքի հոր՝ ԱՄՆ-ում տարիներով աշխատելու արդյունքում։
Տարիների դադարից հետո Ֆրունզիկ Ամիրխանյանը վերադառնում է հարազատ քաղաք ու թատրոն։ ‹‹Երկար ընդմիջումից հետո ներկայացման ընթացքում բեմում ամբողջ մարմնովս սկսեցի դողալ, բեմի կարոտն էր երեւի»,- հիշում է դերասանը։
Հանդիսատեսը Ամիրխանյանին սիրեց ու ճանաչեց մի շարք աչքի ընկնող դերակատարումներով՝ Իշխան Սաքո, Դոկտոր Լոմբարդի, Սաղաթել եւ բազմաթիվ այլ կերպարներում։
Իսկ Դարյա Շումակովայի «Ես կվերադառնամ» ֆիլմում կերտած պապի կերպարի համար դերասանը «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում արժանացել է լավագույն դերասանի կոչմանը։
‹‹Տիկնիկային թատրոնն ինձ հավերժ երիտասարդություն, մանկան անմիջականություն եւ անկեղծություն է տալիս։ Մենք հոգեվիճակով դառնում ենք երեխա, որ երեխան էլ մեզ հավատա։ Տիկնիկին մեր հոգեվիճակը ձեռքի միջոցով ենք հաղորդում,- պատմում է տիկին Ամալյան,- սիրում եմ լավ դերեր խաղալ, շնորհակալ եմ լինում ամեն մի նոր դերը ստանալիս։ Հենց հիմա խաղում եմ անկեղծ ու բարի մի կերպար՝ Վինի թուխի իշուկը, որը տխրում է, որ իր ծնունդը չեն հիշում։ Միեւնույն ժամանակ կերպավորում եմ նաեւ չար կախարդի։ Երեխաներն անկանխատեսելի են՝ անգամ չար կերպարին են կարեկցում, սիրում, փաթաթվում։
Տիկին Ամալյան ժպիտով է փաստում՝ ծնողներն այնքան ուշադիր են նայում ներկայացումը, որ չեն զգում, թե ինչպես երեխան առաջ վազեց։ Լինում է, որ ոտնաձայներից հասկանում ենք՝ երեխան եկավ։ Մենք պատրաստվում ենք բռնելու երեխային, այլապես եթե ոտքը շիրմայից առաջ գցեց, կընկնի։
Ամուսիններն արդեն հանգիստ են՝ երեխաներին նպատակներին են հասցրել։ Մեծ տղան՝ Արտակը, ծրագրավորող է, փոքր տղան՝ Հայկը, ռեժիսոր է։ Իսկ երջանկության լիակատար լինելուն պակասում են միայն թոռնիկները: Անհամբեր սպասում ենք այդ օրվան,- ասում են նրանք։
‹‹Լավատես եմ, լավ է լինելու,- զրույցը եզրափակում է Ֆրունզիկ Ամիրխանյանը,- չընկճվե՛ք, դիմակայե՛ք, ես իմ փորձից եմ ասում։ Մարդուն ոչ մի բան հեշտ չի տրվում. կառչեցինք կյանքից, երջանիկ ու հաջողված ընտանիք ունեցանք»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։