Փոքր, իրարից գրեթե չտարբերվող ճերմակ տնակներ՝ անխախտ համաչափությամբ կողք կողքի շարված։ Սպիտակի իտալական թաղամասն է՝ հայկական հոգսերով ու կենցաղով։ Արդեն երեք տասնամյակ այստեղ տարբեր ընտանիքներ են բնակվում, ոմանք գալիս են, ոմանք՝ գնում։ Բայց մի բան նույնն է բոլորի կյանքում՝ 88-ի աղետը, ինչի հետեւանքով նրանք հայտնվել են այստեղ։
Տնակային այս ավանը իտալացի ժողովրդի նվերն է եղել երկրաշարժից հետո ծնողազուրկ դարձած փոքրիկներին, որոնք հիմա նույն տնակներում արդեն իրենց երեխաներին են մեծացնում։
49-ամյա Լաուրա Հովսեփյանը 1988-ին դպրոցական է եղել։ Ինչպես ինքն է ասում՝ լուսավոր, պայծառ տասներորդցի էր՝ բավականին շատ երազանքներով։ Իսկ երկրաշարժից արդեն ժամեր անց՝ մեծ կորուստներով, ինչին հաջորդել են վերագտնումի օրերն ու տարիները․ Էջմիածին, ապա՝ Երեւան, ուրիշ դպրոց, ուրիշ ուսուցիչներ եւ դասընկերներ։ Բայց ինչպե՞ս մնար այդ իրականության մեջ, հարցնում է տիկին Լաուրան, երբ աչքի առաջ փլատակների մեջ մնացած ուսուցչուհին էր եւ անշնչացած դասընկերուհին՝ իր ձեռքից պինդ բռնած։ Իսկ Երեւանում ամեն ինչ «դաժանորեն» լավ էր ու գեղեցիկ։
«Փախուստն անխուսափելի էր»,- ասում է տիկին Լաուրան եւ արտասվելով վերհիշում իրենց վրանային կյանքը, տնակային դպրոցների կառուցումը, շաքարեղեգի դաշտերում իտալական թաղամասի շինարարությունը։
«Ես հարս եմ եկել այստեղ, այսպես ասած՝ տնակից տնակ եմ եկել, որովհետեւ ծնողներս էլ իրենց տունն էին կորցրել։ Անցած տարի նրանք վերջապես նոր տուն տեղափոխվեցին․ 80-ամյա հայրս հազիվ կարողացավ իրենց հատկացված կիսակառույցը վերանորոգել, բնակելի դարձնել։ Ես էլ ամուսնուս եւ երեք երեխաներիս հետ շարունակում եմ ապրել այստեղ ու, կարծում եմ, տնակում էլ հարսիս կդիմավորեմ»,- ժպտալով ասում է Լաուրա Հովսեփյանը։
Բազմանդամ ընտանիքը տուն չունենալու իրողության հետ արդեն հաշտվել է, որովհետեւ աղետի գոտում ապրողներին բնակարանով ապահովելու պետական որեւէ ծրագրում չեն կարողացել ներառվել։ Ընտանիքը փաստացի չի համարվում երկրաշարժից տուժած, իսկ պետությունը պարտավորություն ունի միայն պետական բնակարանը կորցրածների նկատմամբ։
«Տվյալ դեպքում պետք է բնակարան ստացողների մեջ լիներ ամուսնուս հայրը, բայց ինքն էլ մինչեւ այսօր տուն չի ստացել։ Երկար տարիներ բնակարանների բաշխումը խախտումներով է իրականացվել, մի մարդու հատկացրել են, նա վաճառել է տունը, հետո նորն է ստացել։ Ծանոթ, խնամի, բարեկամ, էդ մեխանիզմն է էղել։ Մինչեւ հիմա խոստումներ են տալիս, էսօր էլ ընտրություններ են, էլի խոստանում են։ Քսան տարի պայքարել եմ, որ ինձ գրանցեն այս տնակում։ Քաղաքապետարանում ու «պասպորտ սեղանում» տարբեր պատճառներով մերժում էին»,- պատմում է աղետի գոտու բնակիչն ու նշում, որ երկու տարի առաջ է հարեւանի հորդորով կրկին դիմել, ու ստացվել է։
44-օրյա պատերազմից հետո երբեւէ տուն ունենալու հավատն անվերադարձ լքել է Ղուկասյանների ընտանիքին։ Ի՞նչ տան մասին է խոսքը, ասում է Լաուրա Հովսեփյանը, երբ այդ գումարով կարող են, օրինակ, մի վիրավոր զինվորի պրոթեզավորել։
Երկրաշարժն իր բոլոր հետեւանքներով տիկին Լաուրայի ընտանիքին պատուհասած միակ աղետը չէ։ Ավագ որդին՝ Մխիթարը, 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվել է պատերազմը։ Զինվոր ունեցող բոլոր ընտանիքների նման նրանք էլ կորցրել են քունն ու հանգիստը, բայց փորձել են չընկճվել։
Հոկտեմբերի 27-ին Մխիթարը Մարտունիում բեկորային ծանր վիրավորում է ստացել։ Տեղափոխել են Ստեփանակերտ, հետո Գորիս, ապա՝ Երեւան։ Հիվանդանոցային բուժման մի քանի ամիսներից հետո նա արդեն տանն է։
Տնակային անմխիթար պայմանների մասին երբեք չի բարձրաձայնել։ Մինչդեռ ժամանակավոր այս կացարանները վաղուց արդեն շարքից դուրս են եկել․ ճաքած պատեր, ներհոսող անձրեւաջրեր ու մշտական խոնավություն։ Պատկան մարմիններն էլ այստեղ ապրողների խնդիրներով երբեք չեն հետաքրքրվել։
«Ճաշի կամ սուրճի գոլորշին պատից թափվող պատրաստի ջուր է։ Դե պատկերացրեք տան վիճակը անձրեւի եւ ձյան ժամանակ։ Տունը էնքան խոնավ է, որ անկողինը թրջվում է։ Ո՞վ է էկել, տեսել, որ իմ էրեխեքը թաց անկողնում են քնում։ Առավոտյան, որ արթնանում ենք ու պետք է հագնվենք, փոքր տղաս ասում է՝ մա՛մ, էս դրսի՞ց ես բերել։ Ֆենով չորացնում ենք, որ հագնեն, գնան դասի»,- պատմում է Լաուրա Հովսեփյանն ու նշում նաեւ, որ որդին առողջական բազում խնդիրներով է բանակ գնացել:
Տունը ջեռուցում են փայտի վառարանով․ տնակներում չկան գազի անվտանգության համար սահմանված նորմեր։ Իսկ հոսանքով տաքանալը թանկ է։ Բացի այդ՝ թաղամասը հաճախ է հոսանքազրկվում, հատկապես երբ անձրեւ է կամ քամի։ Ըստ տիկին Լաուրայի՝ լինում են դեպքեր, երբ հոսանքազրկումը մի քանի օր է տեւում։
Չնայած կյանքի հարվածներին ու բոլոր դժվարություններին՝ Ղուկասյանների ընտանիքն իր ոչ այնքան հարմարավետ տնակում շարունակում է մտածել լավ ապագայի մասին։ Տիկին Լաուրան իր մագիստրատուրայի դասերն է վերսկսել մանկավարժական համալսարանում, որ որդու վիրավորվելուց հետո կիսատ էր թողել։ Ասում է՝ երկրաշարժից 33 տարի անց փորձում է վերագտնել իրեն եւ լրացնել բացթողումները։ Իսկ Մխիթարը Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում է սովորում․ պատերազմից հետո առողջական խնդիրների պատճառով է կրթությունը մայրաքաղաքից Վանաձոր տեղափոխել։
Տան բոլոր անդամների մեկ-միասնական նպատակը քարաշեն տուն կամ բնակարան ունենալն է, բայց սեփական միջոցներով դա իրականացնելն այսօր անհնարին է, ասում են, ինչպես որ անհնարին է պետության վրա հույս դնելն ու որեւէ աջակցության սպասելը։
Սպիտակի Իտալական թաղամասի 250 տնակներից մեծ մասի դռներն այսօր կողպված են։ Բնակիչներից ոմանք հիմնական բնակարաններ են տեղափոխվել, ոմանք էլ սոցիալական ու կենցաղային վատ պայմանների պատճառով երկրից են գնացել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։