ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները համատեղ հայտարարություն են ընդունել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերսկսմանը:
Շարունակել շփումները ղեկավարության մակարդակով
Համանախագահող երկրները հորդորում են շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում եւ նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, ինչպես նաեւ շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ տարածաշրջանում տեւական եւ կայուն խաղաղությանը նպաստելու համար:
Համանախագահող երկրները կողմերին հորդորում են ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից եւ ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին եւ հաստատել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաեւ հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածություններում։
Վերացնել հասանելիության բոլոր սահմանափակումները
Համանախագահող երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում են շարունակել փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ մարդասիրական հարցերում որոշակի առաջընթացի հասնելու նպատակով:
Համանախագահները նաեւ մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը եւ հաստատում, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի է: Նրանք Հայաստանին եւ Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորությունը եւ կողմերին հորդորում անհապաղ վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները:
Համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ
Համանախագահող երկրները հորդորում են հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել համանախագահներին, որպեսզի նրանք կարողանան տեղում գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում եւ համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը՝ իրենց մանդատին համապատասխան Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ եւ խաղաղ ապագային աջակցելու նպատակով: