Անհետ կորածների եւ գերիների հարազատները հավաքվել են Ազգային ժողովի առջեւ։ Նրանցից շատերը ԱԺ շենքի մոտ են անցկացրել գիշերը։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են Ալեն Սիմոնյանի խոսքերը։ Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահը պարզաբանի, թե ինչ է նկատի ունեցել` ասելով, որ գերիներն իր համար այլեւս չկան։
Անհետ կորածների մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը, նշել է, որ ուզում են՝ Ալեն Սիմոնյանը գա եւ ծնողներին անձամբ ասի` ինչ նկատի ուներ։ «Երբ ասում է` գերիներն իմ համար չկան, ոնց որ Ադրբեջանին մեսիջ անի, որ ինչ ուզում եք արեք գերիների հետ։ Թող գա եւ իր խոսքերի համար պատասխան տա»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է Ղուկասյանը։
Դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիներն իր համար արդեն չկան, գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների եւ անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։ Շիրակցի գերիների հարազատներն էլ երեկ բողոքի ակցիա են արել մարզպետարանի շենքի մոտ։