Արցախի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը, Ադրբեջանում գերության մեջ գտնվելով, ենթարկվել է բռնության։
2000 թվականին ծնված Միհրան Մուսայելյանը գերի էր ընկել 2021-ի նոյեմբերի 23-ին. մոլորվելու հետեւանքով նա հայտնվել էր Ադրբեջանի հսկողության տակ։ Մուսայելյանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին էր վերադարձվել նոյեմբերի 26-ին։
«Մուսայելյանի մարմնի վրա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը եւ առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021-ի նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Եզրակացությամբ Մուսայելյանի մարմնի վրա հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք»,– ասված է Արցախի դատախազության հաղորդագրությունում։
Մուսայելյանի կրծքավանդակին փակ, բութ վնասվածք է եղել՝ կրծոսկրի կոտրվածքի ձեւով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնեւմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող վնաս:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 11-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը մի խումբ անձանց կողմից եւ ազգային ատելության շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն: