ՀՀ փոխվարչապետ, ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի անդամ Մհեր Գրիգորյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է, թե ակնկալվում էր, որ առաջիկա օրերին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները պետք է նորից հանդիպեին՝ շարունակելու ընդհատված նիստը։
Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի համար անակնկալ է եղել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Երեւանից ակնկալում է «Զանգեզուրի միջանցքը» բացելու ժամկետներ։
Գրիգորյանը նշել է, թե հուսով է, որ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն, եւ եռակողմ հանձնաժողովը կշարունակի աշխատել արդեն համաձայնեցված հիմնարար սկզբունքների շրջանակում։
Փոխվարչապետն ընդգծել է, որ աշխատանքային խմբի շրջանակում կողմերը փոխըմբռնում են ունեցել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման եւ ապաշրջափակման հարցերի շուրջ։ «Նաեւ ըմբռնում կար, որ ճանապարհների ինքնիշխանությունը կպահպանեն այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, այդ ճանապարհները լինելու են այն երկրի իրավասության ներքո, որտեղով անցնում են։ Մնացած հարցերով նրբերանգներ էին մնում»,- ասել է նա։
Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ փոխվարչապետների հանձնաժողովը ստեղծել է փորձագիտական խումբ, որն արդեն զբաղվում է փոխադրումներն ապահովելու խնդիրներով, եթե ճանապարհները բացվեն։
ՀՀ փոխվարչապետը շեշտել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման հետ։ Նա ընդգծել է, որ սահմանագծումը եւս ռուսական կողմի խորհրդատվությամբ պետք է լինի։ Գրիգորյանը նշել է, որ ըստ Սոչիի եռակողմ հայտարարության՝ կա պայմանավորվածություն քայլեր ձեռնարկելու հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար եւ գործը հասցնել երկկողմ հանձնաժողով ստեղծելուն։
Մհեր Գրիգորյանը այս թեմայով խոսել է նաեւ այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին։ Նա ընդգծել է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում քննարկումներ են անցկացվում բացառապես երկրների իրավազորության ու ինքնիշխանության շրջանակներում ճանապարհների շուրջ:
«Ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներով, ու որոնց շուրջ մենք իրականացնում ենք քննարկումներ, լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո եւ ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին եւ գործելու են նրանց ինքնիշխանության ներքո»,- շեշտել է նա:
Փոխվարչապետը նշել է, որ աշխատանքային խմբի երկրորդ խնդիրը անմիջականորեն ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիկական հնարավոր լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին եւ ավտոմոբիլային ճանապարհներին: Նա ընդգծել է, որ երկաթգծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան, որովհետեւ բանակցությունները Երասխից Հորադիս գծին են վերաբերում: