ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը եւ անվտանգությունը:
Նախարարները քննարկել են նաեւ Հարավային Կովկասի երեք պետությունների եւ նրանց երեք մեծ հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ` «3+3» ձեւաչափին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Մանրամասներ հեռախոսազրույցից
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից։
Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ ռուսական կողմը շեշտադրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը հետագա սահմանազատման համար:
Լավրովը նաեւ ընդգծել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը:
ՀՀ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ 2021-ի նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: