Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցերով 3+3 տարածաշրջանային հարթակի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։
Պաշտոնական Անկարան նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի, ՌԴ-ի եւ Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվելիք հանդիպմանը Թուրքիան կներկայացնի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանը կմասնակցի 3+3 ձեւաչափով նախնական հանդիպմանը։
«Դեկտեմբերի 10-ին կանցկացվի աշխատանքային այդ խմբի նախնական նիստը 3+3, կամ, գուցե, 3+2 ձեւաչափում։ Հայաստանը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով, քանի որ հանդիպումը նախատեսված է հենց այդ մակարդակով»,- ասել էր Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե փոխարտգործնախարարներից ով է մասնակցելու։
3+3 ձեւաչափը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկն է։ Ձեւաչափը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցություն է նախատեսում։