Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ ռուս խաղաղապահները վերջնականապես կլուծեն հայ ռազմագերիների վերադարձի հարցը։
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, եւ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, դրական միտում կա, կա փոխըմբռնում։ Կարծում եմ, որ այդ հարցն ամբողջությամբ պետք է փակվի։ Եվ ռուս խաղաղապահներն այդ գործն ավարտին կհասցնեն»,– ասել է Մուրադովը։
Գեներալ Մուրադովը նշել է, որ գերիների վերադարձին ուղղված աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահի քաղաքացիական պարտք։
«Որպես զինվորական մարդ` հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացմունքներ են ապրել գերության մեջ գտնվելիս։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ Բաքվից վերադառնալով` տեսա արդեն Երեւանի «Էրեբունի» օդանավակայան ժամանած զինծառայողների դեմքերը։ Արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել»,– պատմել է Մուրադովը։
Նա նաեւ հայտնել է, որ ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայման պահից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի տեղի իշխանություններին նրանք ավելի քան 1900 զոհվածի մարմին են վերադարձրել։