ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց 2022-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Ծրարներով կողմ քվեարկություններ է թողել ՔՊ-ի 4 պատգամավոր: Նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ են քվեարկել նախագծին, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ ձեռնպահ:
2022-ի բյուջեն 2021-ի արտահերթ ընտրություններից հետո ձեւավորված կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի առաջին տարվա բյուջեն է։
Պետբյուջեի նախագծով նախատեսվում է, որ 2022-ին կգրանցվի 7 տոկոս տնտեսական աճ:
Ըստ գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։
Խորհրդարանական քննարկումներից հետո կատարված փոփոխություններով բյուջեի եկամտային մասն ավելացվել է 1 միլիարդ 548 միլիոն դրամով, ծախսային մասը նվազեցվել է 5 միլիարդ 188 միլիոն դրամով, դեֆիցիտը՝ 6 միլիարդ 736 միլիոն դրամով։ Այլ եկամուտները նվազել են 42.8 միլիարդ դրամով:
2022-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի 0.9 տոկոսով` մինչեւ տարեվերջ հասնելով ՀՆԱ-ի 23.4 տոկոսին։ Դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.2 տոկոսը, պետական պարտքը` 60.2 տոկոսը` տարեվերջին։
Հայաստանի ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188.5 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 28.7 տոկոսը, որը 2021-ի ծախսերից 18.2 տոկոսով ավելի է։
Կապիտալ ծախսերը նախատեսված են շուրջ 350 միլիարդ դրամ․ հիմնական մասը կուղղվի ոռոգման համակարգի արդիականացման ու ջրամբարաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման, ինչպես նաեւ ճանապարհաշինական ծրագրերին։