Ըստ Աբխազիայի ԱԳՆ-ի՝ Ժնեւում դեկտեմբերի 7-8-ն անցկացված Անդրկովկասի անվտանգության եւ կայունության շուրջ ժնեւյան միջազգային բանակցությունների 55-րդ փուլի ընթացքում աբխազական կողմը վրացական պատվիրակության ներկայացուցիչներին առաջարկել է Վրաստանի հետ պետական սահմանի սահմանագծման ընթացակարգ սկսել՝ հետագա սահմանազատմամբ:
Նշվել է, որ սահմանների համաձայնեցման գործընթացը կօգնի պետական սահմանը հատելու ընթացակարգը կարգավորելուն պաշտոնապես սահմանված անցակետերում։ Սուխումի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Վրաստանի քաղաքացիների կողմից աբխազա-վրացական սահմանի հատման ռեժիմը խախտելու վերաբերյալ բազմաթիվ փաստեր են գրանցել:
Աբխազական կողմը հերթական անգամ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների ուղղակի աջակցությամբ Վրաստանի ռազմական ներուժի ուժեղացման կապակցությամբ։
«Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ երկկողմ ռազմա-տեխնիկական փոխգործակցության, Սեւ ծովի ջրային տարածք ամերիկյան ռազմանավերի կանոնավոր մուտքի, օտարերկրյա քաղաքացիների եւ ռազմանավերի կողմից Աբխազիայի Հանրապետության օդային տարածության մշտական խախտման, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարներին առնչվող հարցերին:
Ընդգծվել է, որ լարվածության նմանօրինակ աճը լուրջ սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,- նշված է Աբխազիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Ժնեւյան բանակցությունների հաջորդ՝ 56-րդ փուլը կանցկացվի 2022-ի մարտի 29-30-ին։
Անդրկովկասի անվտանգության եւ կայունության շուրջ ժնեւյան միջազգային բանակցություններին մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսեթիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համանախագահությամբ։