Ըստ վրացական «Պիրվելի արխի» հանրային հեռուստաալիքի՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի վաղը Մոսկվայում տեղի ունենալիք 3+3 ձեւաչափով առաջին նիստին:
«Չենք դիտարկում այդ ձեւաչափին մասնակցելու տարբերակը, ուստի Վրաստանը ներկայացուցիչ չի ունենա դեկտեմբերի 10-ի հանդիպմանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Թբիլիսին բարձրաձայնել է այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, որն անփոփոխ է մնացել։
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին խորհրդարանում հայտարարել էր, որ Վրաստանը չի մասնակցի 3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի նախագծին՝ համարելով, որ այն աշխարհաքաղաքական նշանակություն ունի։
Զալկալիանին նշել էր, որ Թբիլիսին չի մասնակցի նման աշխարհաքաղաքական նախագծին։ Հիմնական պատճառը Ռուսաստանի մասնակցությունն է։ Վրաստանի արտգործնախարարը պարզաբանել է, որ դրա մասին խոսել է թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Միեւնույն ժամանակ Վրաստանի արտգործնախարարը նշել էր, որ 3+3 ձեւաչափի այլընտրանքը կարող է դառնալ իրենց առաջարկած ձեւաչափը` Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ երեքի հարթակը։