Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը AUKUS դաշինքի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ Ավստրալիա) ստեղծումը որակել է իբրեւ ապակայունացնող գործոն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, քանի որ դա նախադրյալներ է ստեղծում միջուկային տեխնոլոգիաների տարածման համար՝ Ավստրալիայում ատոմային ստորջրյա նավատորմ ստեղծելու հաշվին:
«Ավստրալիայում ատոմային ստորջրյա նավատորմի ստեղծումը կարող է դառնալ տարածաշրջանում՝ ոչ միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան, այլեւ աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանում, սեփական գերիշխանությունը հաստատելու համար մղվող պայքարի նոր փուլ»,- օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ ասուլիսում հայտարարել է Գերասիմովը:
Ըստ նրա՝ դաշինքն ակնհայտորեն ուղղված է ընդդեմ այլ երկրի՝ միաժամանակ հավելելով, որ ՌԴ ՊՆ-ն ակտիվ համագործակցության մեջ է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իր գործընկերների հետ:
Գերասիմովն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանում անվտանգության ապահովման բազմակողմանի մեխանիզմների ստեղծման օգտին՝ միաժամանակ հաշվի նստելով բոլոր պետությունների շահերի հետ: