Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետի որոշումով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախարարի պաշտոնում նա նշանակվել էր 2020-ի հուլիսի 30-ին։ 2018-ի հունիսի 1-ից 2020-ի հուլիսի 30-ը Պետրոսյանը Կոտայքի մարզպետն էր:
Մինչ այդ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի հունվարի 15-ին: Դրանից առաջ՝ 2020-ի մարտից, Ուլիխանյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ էր։ 2015-ից Ուլիխանյանը ՔՊ-ի հիմնադիր անդամ է:
Փաշինյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը եւս ազատվել է պաշտոնից:
Ըստ մամուլի՝ Սիմիդյանն առաջիկայում նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար: Սիմիդյանը վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել այս տարվա օգոստոսին: Նա 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր: Մինչ այդ էլ՝ 2018-ի հոկտեմբերի 17-ին, նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ։