ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, պաշտոնապես բացել է «Հանուն ժողովրդավարության» առցանց համաժողովը։ Բայդենի ելույթից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:
Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ եւ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցող Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա դեկտեմբերի 10-ին:
Քննարկումների օրակարգում են ժողովրդավարության դեմ սպառնալիքներին համատեղ գործողություններով դիմագրավելուն, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Ժողովրդավարության համաժողովը կազմակերպվել է Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Սա Բայդենի նախընտրական խոստման մի մասն է․ ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեր ժամանակներում, երբ ավտորիտար կառավարությունները վերելք են ապրում:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Բայդենը նախատեսում է մեկ տարի անց անցկացնել դեմ առ դեմ գագաթնաժողով՝ ձեռք բերված առաջընթացը գնահատելու եւ նախաձեռնություններին ընթացք տալու համար: