Գերիների մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, հիրավի, անպարկեշտ եւ անմարդկային խոսքերի վերաբերյալ տեսագրության տարածումը, կարծես, քննարկվել է բոլոր կողմերից։ Մեծամասնությունը, ինչպես նաեւ տողերիս հեղինակը, հակված են դատապարտելու այդ (մեղա, մեղա) «մտքերը», որոնք մարդկայնության ու մարդության հետ առնչություն ունեն այնքան, ինչքան այդ խոսքերի հեղինակը՝ պարկեշտություն, ազնվություն եւ բարոյականություն հասկացությունների հետ։
Բայց այդ (երիցս մեղա) «մտքերը» չեն, որ այս պահին ուզում եմ քննարկել, այլ այն անհայտները, որ հարուցում է այդ, թույլ տվեք այսպես արտահայտվել, «ալենասկանդալի» ի հայտ գալը հենց այս պահին։
Անհայտ առաջին, նշանակենք այն X-ով. Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Ֆրանսիա եւ մասնակցությունը Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին (որի ժամանակ, ենթադրաբար, եղել է տեսագրությունում առկա զրույցը) կայացել է նոյեմբերի 24-ին։ Էդ ո՞նց եղավ, որ սկանդալային տեսանյութը հայտնվեց դրանից համարյա երկու շաբաթ անց։ Այս X-ի արժեքը մենք չենք կարող գտնել, բայց կարող ենք ենթադրություններ անել։ Փարիզյան այցից մեկ շաբաթ անց, ավելի կոնկրետ՝ դեկտեմբերի 3-ին, հայտնվեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության, բառիս բուն իմաստով՝ ապտակը Ալեն Սիմոնյանին՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին վերջինիս արտահայտած (հարյուրապատիկ մեղա) դատողությունների համար։
Եթե ՌԴ ԱԳՆ-ի այդ դիվանագիտական տեքստը թարգմանենք մարդկային լեզվի, ապա այն կհնչի այսպես. «Դուք, պարոն Սիմոնյան, ոչ թե պարզապես դիլետանտ եք, այլ բացարձակապես անգետ եք կարգավորման գործընթացից»։ Արդ, արդյո՞ք մեր X-ի (սկանդալային տեսագրությունը հենց այս պահին հայտնվելու) արժեքն այդ դիվանագիտական սկանդալից հանրության ուշադրությունը այլ ցավոտ խնդրի վրա տեղափոխելով՝ Ալեն Սիմոնյանին «դիլետանտության» եւ «տգիտության» պիտակից մաքրելը չէ։ Թեպետ մաքրելու փոխարեն նոր պիտակներ ավելացան, որոնք էստեղ գրելուց ձեռնպահ կմնամ։
Եթե X-ի վերաբերյալ մեր ենթադրությունը ճիշտ է, ապա հառնում է հաջորդ անհայտը՝ Y-ը։ Իսկ ո՞վ այդ տեսանյութը «պաս տվեց» «Դեժավյու» տելեգրամյան ալիքին, որից իշխանություններն էդքան զզվում են, եւ որի նմանների դեմ պայքարելու համար են ՔՊ-ականները ձեռնարկել հայտնի փոփոխությունները «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։
Հարցը մնում է առկախ, որովհետեւ այդ Y-ի արժեքն էլ կարող ենք որոշել, եթե գտնենք երրորդ անհայտի՝ Z-ի պատասխանը։
Եթե տեսագրությունը գաղտնի է արվել, ապա այդ տեսագրության, այսպես կոչված, ամբողջական, չմոնտաժված տարբերակը ո՞նց հայտնվեց Ալեն Սիմոնյանի կամ նրա մամուլի քարտուղարի մոտ, եւ իրենք էլ հրապարակեցին այդ ամբողջականը։ Ի՞նչ է, մամուլի քարտուղարը կամ նա, ով առաջինը հրապարակեց ամբողջական տարբերակը, նույն տեղում կանգնա՞ծ էին, նույն ռակուրսով նկարո՞ւմ էին, թե՞ խնդրել են («…Ախպոր պես, լրիվ տեսագրությունը տուր մեր շեֆին արդարացնենք, էլի…»), որ նկարողը իրենց տրամադրի այդ տարբերակը։
Հը՞… Գուցե վերջի՞նը։ Որ նախ «Դեժավյուն» հրապարակի, հետո մեր լրատվամիջոցները դա տարածեն, հետո սկսվեն մեկնաբանությունները, հերքումները, հետո «հայտնվի» չմոնտաժված տարբերակը, հետո ծեծ կազմակերպեն ԱԺ-ում՝ էս մի սկանդալից էլ հանրության ուշադրությունը շեղելու համար…
Ուֆֆֆֆ, բարդ է։ Մանավանդ՝ «մոնտաժվածի» եւ «չմոնտաժվածի» տարբերությունն առանձնապես մեծ չէր։ Իրենց սիրած ձեւով ասեմ՝ «մի երկու բառ էսկողմ, մի երկու բառ էնկողմ», դրանից «ալենաբլթոցների» էությունը չէր փոխվում։
Եվ այսուհանդերձ, մենք միայն ենթադրություններ կարող ենք անել։ Եվ իրավունք չունենք ծույլիկ աշակերտի նման «ալենասկանդալի» այս բազմաթիվ անհայտներով հավասարման X-ին կամայական արժեք տալ (հենց էս պահին հրապարակվեց, որովհետեւ…), հետո դրա միջոցով գտնել Y-ն ու Z-ը՝ այդպիսով «լուծելով» «հավասարումը»։
Այդ անհայտների իրական արժեքները գիտեն միայն նրանք, ում ձեռնտու էր հենց այս պահին ու հենց այս կերպ դրանց հայտնվելը։
Հ. Գ. Զուտ էթիկական տեսակետից ինձ համար անընդունելի է գաղտնի տեսագրությունների հրապարակումը։ Սակայն յուրաքանչյուրն ունի իր էթիկական կոդեքսը։ Թեպետ գաղտնի տեսագրողը, ինչքան հասկանում եմ, Հայաստանի քաղաքացի չէ, առաջին տարածողը՝ «Դեժավյուն» էլ հնարավոր չէ պարզել, թե ում է պատկանում, այսուհանդերձ, մեր լրատվամիջոցները կարող էին տեսագրությունը հրապարակել, քանի որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նման տեղեկատվության տարածումը «…թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար»: Իսկ գերիների խնդիրը, հաստատ, կարեւոր հանրային շահ է պարունակում։ Ուստի հանրությունը պետք է տեղյակ լիներ գերիների մասին Ալեն Սիմոնյանի կամ որ նույնն է՝ գործող իշխանության վերաբերմունքին։ Այլ հարց է, ինչպես վերեւում ասացինք, թե ինչ նպատակ էր հետապնդում տեղյակ լինելն այս «ալենասկանդալով» անելը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։