Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է մի շարք երկների ղեկավարների՝ Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու որոշումը: Նման որոշում են ընդունել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի եւ այլ երկրների ղեկավարները:
«ՄՕԿ-ին միշտ մտահոգում է մարզիկների մասնակցության հարցը օլիմպիական խաղերում, ուստի ողջունում ենք բոլոր երկրների կառավարությունների՝ իրենց օլիմպիական թիմերին ցուցաբերած օգնությունը:
Օլիմպիական խաղերում պետական այրերի ներկայությունը կախված է տվյալ երկրի ղեկավարության քաղաքական որոշումից: ՄՕԿ-ը չեզոք դիրք է գրավում քաղաքական հարցերում: Մեզ հետաքրքրում է մարզիկների, ոչ թե քաղաքական գործիչների մասնակցությունը օլիմպիական խաղերում»,- հայտարարել է Թոմաս Բախը:
Չեն էլ հրավիրել
Չինաստանը դատապարտել է Ձմեռային օլիմպիադան դիվանագիտական մակարդակով բոյկոտելու Ավստրալիայի կառավարության որոշումը՝ այն «քաղաքական շահարկում» որակելով:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ Չինաստանն Ավստրալիայի պաշտոնյաներին չի հրավիրել Պեկինի Ձմեռային օլիմպիադան դիտելու։
«Կգան, թե չեն գա, իրենց գործն է, ոչ մեկին չի հետաքրքրում»,- նշել է խոսնակը։ Նա շեշտել է, որ ավստրալացի քաղաքական գործիչներն, իրենց սեփական շահերով պայմանավորված, քաղաքական շահարկումների են դիմում:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտնել է, թե կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով Չինաստանում Սինցզյանի ինքնավար շրջանում մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարելու եւ ավստրալական արտադրանքի ներմուծումը խոչընդոտելու հանգամանքները:
Չինաստանը կտրականապես հերքում է Սինցզյանի ինքնավար շրջանում ույղուրների իրավունքները ոտնահարելու մասին արեւմտյան երկրների ղեկավարների պնդումները: