Հանրությանը ներկայացվեցին Լոռու մարզի հանքարդյունաբերական տարածքներում չեխական «Առնիկա», հայաստանյան «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» եւ «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների վերջին երեք տարիների ընթացքում համատեղ իրականացրած հետազոտության արդյունքները: Հետազոտության տարածքն ընդգրկում է 13 բնակավայր՝ ընդհանուր 40000 բնակչությամբ:
Նշված տարածաշրջանի տարբեր կետերից վերցվել ու հետազոտվել են շրջակա միջավայրի բաղադրիչների՝ հողի, նստվածքների ու կենցաղային փոշու, սննդամթերքի՝ հավի ձվերի, ձկան, տնային պայմաններում պատրաստվող պանրի ու տեղում աճեցվող պտուղ-բանջարեղենի նմուշներ: Փորձանմուշները վերցվել են հասարակական վայրերից, մանկապարտեզներից, դպրոցների բակերից, տնամերձ այգիներից եւ գյուղատնտեսական տարածքներից:
Հետազոտվել են նաեւ տեղացիներից վերցված կենսաբանական՝ մեզի, մազերի ու եղունգների նմուշները: Ընդհանուր առմամբ վերցվել է 400 նմուշ, որոնցում ուսումնասիրվել է պղնձի (Cu), ցինկի (Zn), կապարի (Pb), մկնդեղի (As), կադմիումի (Cd) եւ այլ ծանր մետաղների ու կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) առկայությունը: Համեմատության համար նմուշներ են վերցվել նաեւ Տավուշի մարզից ու Լոռու մարզի լեռնահանքարդյունաբերական ազդեցության գոտուց դուրս գտնվող տարածքներից:
Հետազոտությունը նպատակ ուներ բացահայտելու Թումանյանի եւ Ստեփանավանի տարածաշրջանների պոտենցիալ աղտոտող կետերի շրջակայքում շրջակա միջավայրի բաղադրիչներում ծանր մետաղների ու ԿՕԱ-ների տարածվածությունն ու այդ աղտոտիչ նյութերի ազդեցությունը տեղաբնակների վրա:
Ըստ արդյունքների՝ Ալավերդի խոշորացված համայնքի բնակավայրերի շրջանում ծանր մետաղների առկայությունը միջինում ավելի ցածր է եղել, քան Ալավերդի քաղաքի կենտրոնում: Ծանր մետաղների բարձր մակարդակներ են հայտնաբերվել նաեւ Ախթալա քաղաքի ու հարակից բնակավայրերի բաց հանքի, պոչանքների ու պոչամբարների մոտակայքում, ինչպես նաեւ Ճոճկան գյուղի տնամերձ հողերում, որոնք ոռոգվում են Դեբեդ գետի ջրով:
Հետազոտության հեղինակները ռիսկային են համարում տարածաշրջանի թեժ կետերում մկնդեղի առկայությունը, որն ամենախնդրահարույցն է մարդու առողջության համար: Հողի 36 նմուշներում մկնդեղի հայտնաբերված քանակությունը թույլ է տալիս կանխատեսել դրա հնարավոր բացասական ազդեցությունը երեխաների 67%-ի ու մեծահասակների 30%-ի վրա:
3 փորձանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի անթույլատրելի մակարդակ, որն ահազանգում է, որ անհապաղ համապատասխան միջոցառումներ պետք է ձեռնարկել: Մկնդեղի քաղցկեղածին ռիսկն այն է, որ այդ հողերում աճեցված մթերքը մարդիկ օգտագործում են առօրյա սննդակարգում: Երեխաների համար աղտոտված հողն առավել վտանգավոր է, քանի որ նրանք խաղալու ժամանակ հողն ուղղակի կուլ են տալիս:
Աղտոտված տարածքների ցուցանիշները համեմատվել են եվրոպական 5 տարբեր երկրների հանքարդյունաբերական շրջանների տվյալների հետ. իրադրությունը Լոռիում չափազանց տխուր է:
Տարածաշրջանի ընտանի թռչունների ձվերում դիօքսինների պարունակությունը տասնյակ անգամներ գերազանցել է Երևանի սուպերմարկետներում վաճառվող ձվերում դրանց պարունակությանը: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երեք օրը մեկ մարդը գոնե մեկ ձու է ուտում՝ հետազոտության հեղինակները հետեւություն են անում, որ երեխաների մոտ անցանկալի նյութերը բարձր են 520%-ով, իսկ մեծահասակների մոտ՝ 260%-ով:
«Այս տարածաշրջանի երեխաներն առավել շատ են ենթարկվում հանքարդյունաբերության բացասական ազդեցությանը, քան Չեխիայի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողները»,- նշեց «Առնիկա» կազմակերպության ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ ծրագրի ամբողջ ընթացքն ու տարածաշրջանում տիրող պատկերը վավերագրել են «Ապրելու իրավունք» վերտառությամբ ֆիլմում:
«Հուսով ենք՝ ֆիլմը դիտող պաշտոնյաները կհասկանան, որ այս քիմիական աղտոտված տարածքներում ապրող մարդկանց կյանքն իրոք վտանգված է, ու կմտածեն, որ հարկավոր է աջակցել ոչ միայն բիզնես ծրագրերին, այլեւ այս մարդկանց՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներին: Մեծացնել առողջ սերունդ աղտոտված տարածքներում ուղղակի հնարավոր չէ»,- ասաց նա:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանն էլ հավելեց. «Թշնամու կողմից մեր գրավված հողերը կարող ենք ետ բերել, բայց այս հողերը անվերադարձ կորցրել ենք»:
Հետազոտությունն իրականացվել է Չեխիայի Հանրապետության (ՉՀ) արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ «Փոխակերպումների աջակցություն» ծրագրի շրջանակում: Արդյունքների ներկայացման ու քննարկման ժամանակ Հայաստանում ՉՀ փոխդեսպան Սաբինա Նովակովան նշեց, որ իրենց երկրի համար չափազանց կարեւոր են շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության պահպանության հարցերը, որոնք երկուսն էլ հաջողվել է համադրել ծրագրի շրջանակում:
«Հուսով եմ՝ ծրագրի շնորհիվ այդ տարածաշրջանի մարդկանց կյանքը կբարելավվի»,- հավելեց նա:
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ տարածաշրջանում թռչնաբուծությամբ զբաղվող ֆերմերների առաջարկած մթերքը չի անցել փորձաքննությունը, որի պատճառով չեն կարողանում իրացնել արտադրանքն ու մեծ կորուստներ են կրում:
«Հետազոտության արդյունքները կարեւոր ապացույց են այն 70 քաղաքացիների համար, որոնք իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով մեր կազմակերպության աջակցությամբ դիմել են դատարան»,- հավելեց Դուլգարյանը:
«Քանի որ ներկայում հանքարդյունաբերության ռազմավարությունն է մշակվում, պետք է անպայման մոնիթորինգի ու պատասխանատվության հարց դրվի»,- նշեց «ԷկոԼուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
«Քիմիական աղտոտվածությունը Լոռիում. մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունք» խորագրով քննարկմանը ներկա էին նաեւ պետական պատասխանատու մարմինների ներկայացուցիչներ: Առողջապահության նախարարությունից ոչ ոք չէր մասնակցում, բայց հրավերին ի պատասխան նախարարությունից տեղեկացրել են, որ հետաքրքրված են եւ խնդրել են տրամադրել հետազոտության արդյունքները:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։