ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Սանոսյանը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաշերտ համագործակցությունը եւ ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղեւորաշրջանառության եւ բեռնաշրջանառության ոլորտում։
Քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի, բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաեւ ճանապարհային վճարների վերաբերյալ հարցեր։
Նախարարը նշել է, որ այժմ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որոնցով նախատեսվում է ճանապարհային վճարը վերափոխել կիլոմետրի դիմաց վճարի։ Սանոսյանը շեշտել է, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթեւ-Լծեն ավտոճանապարհը, որով նախ կկրճատվի դեպի Երեւան ճանապարհը, ինչպես նաեւ դրանով կլուծվի այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։
Մեհդի Միրաշրաֆին ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տարանցման ու ապրանքափոխանակման շատ ավելի մեծ պոտենցիալ կա, որը միանշանակ պետք է օգտագործել եւ խթանել ներդրումները։ Միրաշրաֆին ասել է, որ համագործակցությունը խարացնելու համար պետք է համատեղ ծրագրավորված աշխատել եւ զարգացնել ենթակառուցվածքները։
Փոխադարձ հետաքրքրության հարցեր
Միրաշրաֆին աշխատանքային այցով Հայաստան է եկել դեկտեմբերի 8-ին։ Նրան դիմավորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը եւ Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների եւ քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին:
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը եւ Մեհդի Միրաշրաֆին անդրադարձել են մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջեւ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին:
Կողմերը քննարկել են տեղեկության նախնական փոխանակման հնարավորությունները, մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մեխանիզմները Նրանք փաստել են Նորդուզի եւ Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։