«Յուրաքանչյուր նորարարություն սկսվում է ոչ թե իդեայից, այլ հավատքից»։
Ռայներ Նիլվակ
Տարիներ առաջ մի հոդված կարդացի այն մասին, թե ինչպես չորս էստոնացի ընկերների նախաձեռնությամբ սկսվեց մի շարժում, որն ավելի ու ավելի լայն տարածում գտավ աշխարհում։ Եվ դա ինձ համար մտորումների առիթ եղավ։
2007 թվականի օգոստոսի 4-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինի սրճարաններից մեկում հանդիպեցին չորս ընկերներ՝ Ռայներ Նիլվակը, Թոոմաս Տրապիդոն, Հենրի Լաուպմաան եւ Կադրի Ալիկմյայեն։ Նրանք խոսում էին իրենց սրտի հոգսերից՝ այն մասին, թե ինչպես է Էստոնիայի բնությունն աղտոտվել, որ բնակավայրերը, անտառներն ու դաշտերը լցված են տարատեսակ աղբով։ Ու ծագեց միտք՝ կազմակերպելու շարժում եւ հասնելու նրան, որ մեկ օրում մաքրվի Էստոնիայի ողջ տարածքը։ Այդ օրը հիմք դրվեց «Եկե՛ք դա անենք» (Let’s Do It) շարժմանը։
Մի քանի օր անց չորս ընկերներին միացան բազմաթիվ անհատ կամավորներ եւ կազմակերպություններ, որոնք պատրաստ էին աջակցելու աշխատանքին հանուն Էստոնիայի մաքրության։ Նրանք նախանշեցին իրենց աշխատանքների հիմնական ուղղությունները եւ անցան գործի։ Իսկ գործը շատ-շատ էր։ Անհրաժեշտ էր քարտեզագրել աղբը, կազմել մասնակիցների, տեխնիկական միջոցների, աջակցող պետական եւ մասնավոր կազմակերպությունների տվյալների շտեմարաններ։ Պետք էր կազմակերպել տեղեկատվական մեծ արշավ, որ բոլորն իմանային այս ամենի մասին։
Եվ աշխատանքները պտուղներ տվեցին։
Ինն ամիս անց՝ 2008 թվականի մայիսի 3-ին, հինգ ժամվա ընթացքում 50000 մասնակիցներ Էստոնիայի ողջ տարածքից հավաքեցին եւ տեղափոխեցին ավելի քան 10000 տոննա աղբ։ Արդյունքն անսպասելի էր։ Եթե դա նախաձեռներ պետությունը, այն տարիներ կտեւեր եւ կարժենար անհամեմատ ավելի թանկ։
Ոգեւորված նման հաջողությամբ՝ նախաձեռնության հեղինակները որոշեցին հասնել ավելիին՝ նույն բանն անել ամբողջ աշխարհում։ Եվ այդ շարժումը կոչեցին Let’s Do It! World։ Շարժման արդյունքում 2018 թվականին հիմնվեց «Աշխարհի մաքրության օր» (World Cleanup Day): Հայաստանը եւս մասնակցում է այդ շարժմանը։ Այդ մասին կարելի է գտնել տեղեկություններ Ֆեյսբուքում՝ հետեւյալ հեշթեգով՝ «#CleanUpArmenia»։
Յուրաքանչյուր տարի մի որոշակի օր տարբեր երկրներում կամավորները դուրս են գալիս մաքրելու իրենց հայրենիքը։ 2021 թվականին այդ օրը սեպտեմբերի 18-ն էր։ Աշխատանքներին մասնակցեց 25000000 մարդ աշխարհի ավելի քան 190 երկրներից։ Նրանք հավաքեցին եւ տեղափոխեցին հարյուրհազարավոր տոննաներ աղբ։
Այս ամենը մտածելու առիթ է տալիս։ Առաջանում են բազամաթիվ հարցեր՝ «Որտե՞ղ է գաղտնիքը», «Ինչպե՞ս անենք, որ մենք էլ հաջողենք»։ Եվ խնդիրը միայն բնությունը մաքրելը չէ։ Մենք ունենք բազմաթիվ ոչ պակաս կարեւոր հարցեր։
Տեսնենք, թե ինչու նրանք հաջողեցին․
- Իդեան հասունացել էր, հասարակությունը պատրաստ էր այն ընդունելու եւ իրագործելու։ Դա ակնհայտ է, քանի որ կարճ ժամանակ անց գործը նախապատրաստելու համար նախաձեռնության հեղինակներին միացան վեց հարյուրից ավելի կամավորներ, իսկ ընդամենն ութ ամիս անց նրանց կոչով դուրս եկավ ավելի քան հիսուն հազար մարդ՝ իրենց Էստոնիան աղբից մաքրելու։
- Գործի սկիզբը հավատքով դրվեց։ Սրճարանի առաջին հանդիպման ավարտին, ինչպես պատմում է Նիլվակը, նրա ընկերուհին նոթատետրում արձանագրեց․ «Մաքրելու ենք Էստոնիան մեկ օրում»։ Շատ կարեւոր է, որ մարդը հավատա այն գաղափարին, որի իրականացմանն է ուղղված իր գործունեությունը։ Կասկածանքը ջլատում է մարդու ջանքերը եւ հաջողությունը․ եթե այն նույնիսկ լինի, կլինի կիսատ-պռատ։ Նաեւ, որքան էլ տարօրինակ թվա մեր նյութապաշտական դարում, հավատքը իրոք սարեր է շարժում։
- Նրանք պատրաստ էին զոհաբերության եւ գիտակցում էին նման գործերում զոհաբերության կարեւորությունը։ «Եթե դու զոհաբերում ես որեւէ բան, ապա կարող ես անգամ միայնակ ինչ-որ բան փոխել աշխարհում»,- մի առիթով ասել է Ռայներ Նիլվակը։ Իսկ ինչո՞ւ էին պատրաստ զոհաբերության։ Որովհետեւ փնտրում էին ոչ թե շահ կամ իշխանություն, այլ ցանկանում էին իրենց սիրելի Էստոնիան մաքրել աղբից։ Նրանց համար առավել կարեւոր էր իդեայի մարմնավորումը, եւ դրան հասնելու համար նրանք պատրաստ էին կատարելու ցանկացած աշխատանք։
- Դրված էր իրականանալի նպատակ։ Եթե նպատակը իրականանալի չէ, հավատացողներ քիչ են գտնվելու։ Այսօր մարդիկ ներքին զգացողություն ունեն, թե ինչն է իրականանալի, իսկ ինչը՝ ոչ։ Հիշենք՝ քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Ինչպես գեղեցիկ ձեւակերպեց իմ ընկեր Արամը՝ «Պատճառը ստեղծում է հետեւանք, եթե գոյություն ունի բավարար հիմունքի նախապայման»։ Մենք կարող ենք դնել չափազանց բարձր, չնաշխարհիկ նպատակներ, բայց պետք է նախ որոշել՝ առկա՞ են արդյոք դրանց իրականացման բավարար հիմքեր։ Պետք է կշեռքին դնել եւ տեսնել, թե որքանով է մեր իդեան իրականանալի։ Ու որպես նպատակ սահմանել հնարավորը։
- Ձեւավորվել էր սրտացավ խումբ։ Սա եւս չափազանց կարեւոր է։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ լուծումներ գտնելու համար մեկ անձը բավարար չէ․ մարդկանց խումբ է պետք։ Շատերն են ասում՝ «ամեն ինչ խառնվել է իրար»։ Իրոք, այսօրվա խնդիրները չափազանց բազմավեկտոր եւ բազմաշերտ են, եւ մեկ անձը չի կարողանում տեսնել ամբողջը։ Սովորաբար մենք տեսնում ենք երեւույթի մի կողմը, միայն մի պրոյեկցիան։ Միմյանց լսող եւ զգացող կոլեկտիվում է հնարավոր դառնում տեսնել երեւույթն ամբողջությամբ։ Եվ դրա համար պահանջվում է, որ խմբի յուրաքանչյուր անդամ կարողանա տեսնել երեւույթն իր տեսանկյունից եւ ջանա ընկալել ու միավորել մյուսների տեսածները։ Սա նման է Քոչարի պարելուն։ Սրան հասնելու ճանապարհին ամենակարեւորը կողքինին զգալն է եւ լսելու ունակությունը։ Իսկ գործին ամենաշատը խանգարում է այն առաջնորդը, ով չունի այդ ունակությունը եւ չի գիտակցում դրա կարեւորությունը։
Հավանաբար կան հաջողությանը նպաստող այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանքներ։ Վստահ եմ՝ ամբողջը տեսնելու համար մեզ եւս պետք է նվիրյալների խումբ։ Իզուր չէ, որ այսօր այդքան շատ են գրում կոլեկտիվ մտագործունեության մասին։
Մեր ժամանակներում նման օրինակներ շատ կան։ Օրինակ՝ Գրետա Թունբերգի սկսած «Ուրբաթները հանուն ապագայի» շարժումը․ նրանք ամբողջ աշխարհում կազմակերպում են ցույցեր, դասադուլներ կլիմայի փոփոխությունների դեմն առնելու համար։
Շատ հետաքրքիր է նաեւ Plogging կոչված շարժումը, որ սկիզբ է առել Շվեդիայում․ նրանք վազում են եւ վազելով հավաքում աղբը։ Պլոգինգը այսօր տարածված է աշխարհի հարյուրից ավելի երկրներում եւ ունի բազմամիլիոն հետեւորդներ։ Պատահում են այնպիսի ակցիաներ, որին ամբողջ աշխարհից մասնակցում է մինչեւ 3000000 մարդ։
Արժի ուսումնասիրել նման շարժումները եւ դրանց հաջողությունների գաղտնիքները։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։