ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է Ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումն ուժի մեջ մտնելուց՝ 2021-ի օգոստոսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն արձանագրված դեպքերը։
Դատախազությունը հայտնել է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ ծանր վիրավորանքի քրեականացման հոդվածով հարուցվել է 166 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի։ 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան․ դրանք դատական քննության փուլում են:
Արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածով նախատեսված առերեւույթ հանցավոր արարք կատարելու 247 դեպք: Դրանցից 56-ի պարագայում ծանր վիրավորանքը հասցվել է պետական իշխանության ներկայացուցչին, 5-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց, իսկ 186-ի դեպքում՝ այլ անձանց։
Արձանագրված դեպքերից 71-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, դրանցից 5-ը՝ հանցադեպի բացակայության, 41-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 25-ը՝ բողոքի բացակայության հիմքերով:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ ծանր վիրավորանքի քրեականացման հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաեւ անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:
Ընդ որում՝ տվյալ հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: