Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախի Հանրապետությունում առաջիկա 3 տարում նախատեսվում է կառուցել 5000 բնակարան` հիմնականում Արցախից 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների եւ զոհվածների ընտանիքների համար։
Բեգլարյանը նշել է, որ տեղահանվածները շուրջ 40 հազար են, նրանցից 13-14 հազարը Արցախում են ու պետական աջակցությամբ ապրում են վարձով բնակարաններում, մյուսները Հայաստանում են, շատ չնչին մասն էլ արտագաղթել է։ Զոհվածների ընտանիքները եւս բնակարանային խնդիրներ ունեն։ Նույնը վերաբերում է դեռեւս 1990-ականների պատերազմից հետո որոշ զոհվածների, ինչպես նաեւ սպաների, պահեստազորի սպաների, բազմազավակ, երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներին։
Նա ընդգծել է, որ առաջնահերթ բնակարաններ կտրամադրվեն զոհվածների եւ տեղահանվածների ընտանիքներին։
«Դրան զուգահեռ եւ հատկապես դրանից հետո մնացած սոցիալապես խոցելի խմբերի բնակարանների հարցը կլուծվի»,– նշեց Բեգլարյանը։
Այժմ Ստեփանակերտում կառուցվում է 1211 բնակարան, 1438 բնակարան էլ կառուցվում է շրջաններում։ Նախագծման փուլում են նոր բնակավայրեր` տեղահանված ընտանիքների եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներից հեռացածների համար։ Մինչեւ տարվա վերջ Արցախի կառավարությունը շահագործման կհանձնի 317 բնակարան, որից 294-ը՝ Ստեփանակերտում։
Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 5300 արցախցի ընտանիք` մոտ 20 430 մարդ է բնակվում։