«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» Ադրբեջանում քաղբանտարկյալների 122 հոգանոց նոր ցուցակ է հրապարակել։ Սեպտեմբերի 1-ին հրապարակված նախորդ ցուցակը եւս ներառում էր 122 մարդ, սակայն այդ ցուցակում ընդգրկված բլոգերներ Էլչին Հասանզադեն եւ Իբրահիմ Թուրքսոյն ազատ են արձակվել, եւ ավելացվել են նոր ձերբակալվածների անուններ:
Հրապարակված ցուցակը բաղկացած է 6 խմբից․ «Լրագրողներ եւ բլոգերներ»՝ 5 մարդ, «Ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների անդամներ»՝ 8 մարդ, «Հավատացյալներ»՝ 21 մարդ, «Թարթառի գործով դատապարտված»՝ 27 մարդ, «Գյանջայի գործով դատապարտված»՝ 47 մարդ, «Ցմահ բանտարկյալներ»՝ 14 մարդ:
Ցուցակը կազմել են «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսը եւ «Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի» ղեկավար Էլշան Հասանովը՝ ըստ 2012-ի հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում ընդունված թիվ 1900 բանաձեւով սահմանված «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշների: