ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արեւելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002 թվականին):
Եվս ութ զինծառայողներ վիրավոր են։ Վեց զինծառայողների վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը՝ միջին եւ թեթեւ։
Այսօր 12։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակվել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։
Ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել նաեւ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին, եւ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքի հետեւանքով հայկական կողմից հրազենի կրակոցից վիրավորվել են երկու զինծառայողներ։