ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվայում այսօր տեղի է ունեցել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գեւորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաեւ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ:
Վրաստանը այս ձեւաչափով իր մասնակցությունը նպատակահարմար չի համարել: Հանդիպմանը հինգ երկրների ներկայացուցիչները շահագրգռվածություն են հայտնել, որ Վրաստանը մասնակցի հարթակի աշխատանքներին՝ նշելով, որ «դուռը բաց է» նրա համար:
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցների համար հետաքրքրություն ներկայացնող գործնական հարցերի վրա: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունն առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-մարդասիրական ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին:
Քննարկվել են հետագա անելիքներն ու ծրագրերը՝ համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հնարավոր մասնակցությամբ։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ 3+3 բանակցային ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով:
Լավրովն ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլեւ Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարեւաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։
Զերծ մնալ միջազգային այլ հարթակների գործունեության կրկնորդումներից
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՌԴ արտգործնախարարության հրավերով Մոսկվայում անցկացվել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը։
Քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի եւ հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։
Փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ եւ փոխընկալելի օրակարգի ձեւավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձեւաչափերի գործունեության կրկնորդումներից։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման եւ ներգրավման անհրաժեշտության վրա: