Բոլոր երկրներում, մայրցամաքներում եւ համատեքստերում թանգարանները խաղում են առանցքային դեր, բայց ոչ միշտ են դրանք միտված հարցադրելու ամենատարբեր ընթացիկ հակամարտությունները, հումանիտար ճգնաժամերը, կլիմայական արտակարգ իրավիճակները, ոչ միշտ են դրանք հակված օժանդակելու իրական ներառականությանը եւ բազմազանությանը, գիտական ինֆորմացիայի տարածմանը, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարին։
Նաեւ քիչ են այն մասնագիտական գիտաժողովներն ու ֆորումները, որոնք, կարեւորելով թանգարանների դերն այս հարցերում, միաժամանակ ընդունակ են հարցականի տակ դնելու արվեստի ինստիտուտների վստահելիությունը եւ հուսալիությունը էկոլոգիական երեւակայության գործարկման եւ իրական հոգատարության համար։
Այս տարվա ամիսներից մեկը՝ նոյեմբերը, դարձել էր աշխարհում արդի եւ ժամանակակից արվեստի թանգարանների, դրանց խնդիրների մասին խոսելու եւ դրանք վերամտածելու հարմար ժամանակ։ Գլխավոր շարժառիթն աշխարհի տարբեր քաղաքներում եւ արվեստի կենտրոններում ամեն տարի մի քանի օրով անցկացվող, ժամանակակից թանգարանի խնդիրներին անդրադարձող ամենակարեւոր իրադարձություններից մեկի՝ ՍԻՄԱՄ (CIMAM) միջազգային համաժողովի 53-րդ թողարկումն էր։
Լինելով ՍԻՄԱՄ ծրագրի 50 շահառուներից եւ արվեստի համադրողներից մեկը՝ Մոսկվայի «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի աջակցությամբ այս տարի հնարավորություն ունեցա առցանց ռեժիմով մասնակցելու ՍԻՄԱՄ գիտաժողովին, որն անցնում էր «Ճնշման տակ. Թանգարաններն այլատյացության եւ կլիմայական արտակարգ իրավիճակների ժամանակներում» խորագրի ներքո՝ արձագանքելով բրիտանական «Queen» խմբի եւ երգիչ Դեյվիդ Բոուիի համատեղ հայտնի երգի բառերին։
ՍԻՄԱՄ միջազգային համաժողովի առաջին թողարկումը տեղի է ունեցել հեռավոր 1962-ին՝ Նիդերլանդների Հաագա քաղաքում, իսկ Լեհաստանում նախկինում տեղի էր ունեցել մեկ անգամ՝ 1972-ին։ Այդ պատճառով այս տարվա համաժողովը երկար ընդմիջումից հետո ինչ-որ առումով խորհրդանշական եւ պատմական նշանակություն ուներ Լեհաստանի համար։
ՍԻՄԱՄ 53-րդ միջազգային ֆորումը տեղի էր ունենում Լեհաստանի երկու քաղաքներում՝ Լոձում եւ Գդանսկում՝ հյուրընկալվելով Լեհաստանի այնպիսի առաջատար ինստիտուտներում, ինչպիսիք են Լոձի Շտուկի թանգարանը եւ Գդանսկի Ազգային թանգարանի նոր մասնաճյուղը՝ ՆՈՄՈՒՍ (NOMUS) Նոր արվեստի թանգարանը, որը պաշտոնապես բացվել էր գիտաժողովից շաբաթներ առաջ։
Միաժամանակ առաջին անգամ էր, որ համաժողովն առաջարկում էր հիբրիդ կառուցվածք եւ ձեւաչափ՝ ֆիզիկական եւ վիրտուալ սցենարներին հարմարեցված ծրագրերով, բազմաթիվ գործառույթներով՝ հեշտացնելու ՍԻՄԱՄ-ի այցելուների եւ մասնակիցների մուտքն ու հաճախումը։ Այս հիբրիդային ձեւաչափը նաեւ թույլ տվեց ինձ ոչ միայն առցանց դիտել համաժողովի ծրագրում ընդգրկված Լեհաստանի կարեւոր ցուցահանդեսներից մի քանիսը, այլեւ ցանցային նիստերում շփվել համաժողովի այլ մասնակիցների հետ՝ հնարավոր համագործակցության, ֆորումի համատեքստերի բազմազանության եւ հեռանկարների մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ մի շարք հարցերի շուրջ զրուցելու համար․
Ինչպե՞ս թանգարանները կարող են դառնալ բազմազանությունը ճանաչող տարածքներ․․․ Ի՞նչ կարող է անել թանգարանը կլիմայի համար․․․
ՍԻՄԱՄ-ը համադրել էր կուրատորների, արվեստագետների եւ թանգարանների տնօրենների՝ երեք օրվա թեմատիկ ոլորտներին առնչվող բանախոսություններից, քննարկումներից եւ հիմնական նոտաներից բաղկացած հագեցած ծրագիր․
- Հակամարտություններ, ճգնաժամեր եւ աճի քաղաքականություն
- Թանգարանները որպես տարբերությունների ճանաչման տարածքներ
- Կլիմայի եւ ընդհանրության նոր հեռանկարներ
Քսենոֆոբիան եւ կլիմայական արտակարգ իրավիճակը, որոնք հաճախ դիտարկվում են որպես ամբողջովին տարբեր ճգնաժամային իրավիճակներ եւ խմբեր, ՍԻՄԱՄ-ի համատեքստում դիտարկվում եւ ուսումնասիրվում էին իրենց թաքուն եւ հաճախ աննկատ փոխկապակցվածությամբ` ցույց տալով թանգարանի՝ տեղական հասարակական դժվարությունների, խտրական միտումների եւ այլատյացության դրսեւորումների դեմ զգուշավոր պայքարի ներուժի բազմաթիվ հաջող օրինակներ, որոնց մասին կխոսեմ հաջորդ հոդվածում։
Հասցեագրելով արվեստի ինստիտուտների եւ թանգարանների պատասխանատվությունը կլիմայական արտակարգ իրավիճակի եւ ճգնաժամի ժամանակներում, միաժամանակ դուրս գալով դիսցիպլինար մտածողության շրջանակներից՝ ՍԻՄԱՄ գիտաժողովն իսկապես հնարավորություն է տալիս ճանաչելու սոցիալական, շրջակա միջավայրի եւ իրական կենսաբազմազանության տեսանկյունից լավագույն իդեաները, մոտեցումները, պրակտիկաներն ու ինստիտուտները՝ համադրողների համայնքին եւ մյուս մասնագետներին դարձնելով ավելի պատասխանատու եւ ուշադիր, բարձրացնելով կլիմայական ճգնաժամի եւ միգրացիայի մասին հաղորդակցվելու գրագիտությունը։
շարունակելի
Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։