Լեռնային Ղարաբաղում սահմանադրություն ընդունելու շուրջ քննարկումներ սկսվել են դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, նույնիսկ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որ պիտի նախագիծ մշակեր, բայց գործնական քայլ արվեց գրեթե մեկ տասնամյակ ուշացումով։
Դա ներքաղաքական չափազանց բարդ իրավիճակ էր։ ՀՅԴ-ն եւ նորաստեղծ Շարժում 88 կուսակցությունը 2004-ին Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու առաջադրեցին ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին։ Քվեարկության երկրորդ փուլում Էդուարդ Աղաբեկյանը հաղթեց։ Արդեն տարեվերջին ՀՅԴ-ն հայտարարեց, որ «կառուցողականից» անցնում է «կոշտ» ընդդիմության, գործադիր իշխանությունից հետ կանչեց իր ներկայացուցիչներին։
Ակնհայտ էր, որ ընդդիմությունը նախապատրաստվում է 2005-ի խորհրդարանական ընտրություններին՝ ուղղակիորեն թիրախավորելով նախագահ Արկադի Ղուկասյանին, ում լիազորություններն ավարտվելու էին 2007 թվականին։ Ահա այս իրավիճակում էր, որ Արկադի Ղուկասյանը վերագործարկեց սահմանադրության ընդունման գաղափարը, նորացրեց նախագծի մշակման աշխատանքային խումբը՝ ներգրավելով ոչ միայն մասնագետների, այլեւ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտ մտավ նոր ուժ՝ Ազատ հայրենիք կուսակցությունը։
Իշխող կարծիքն այն էր, որ դա «ձիով քայլն է»․ որպեսզի դժգոհ ընտրազանգվածի քվեները չանցնեն ՀՅԴ-Շարժում 88 դաշինքին, որին միացել էր նաեւ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից անսպասելի զրկված Վիտալի Բալասանյանը, պետք է մրցապայքարի մեջ մտներ մինչ այդ իշխանությամբ «չարատավորված» քաղաքական թիմ։ Ըստ էության, այդպես էլ եղավ․ ընդդիմադիր դաշինքը նոր Ազգային ժողովում ունեցավ ընդամենը երեք, իսկ Ազատ հայրենիք կուսակցությունը՝ մոտ մեկ տասնյակ պատգամավոր։ Մնացած մանդատներին տեր դարձավ ԱԺԿ-ն, մի քանիսն էլ խորհրդարան անցան որպես «անկախ պատգամավորներ»։ «Անկախ»՝ իշխանամետ։
Ուժերի այս հարաբերակցությունից ընդդիմությունը եւ նրան աջակցող մեդիա-փորձագիտական շրջանակներ մակաբերեցին, որ Արկադի Ղուկասյանը «չի հեռանա, սահմանադրության ընդունումը կհայտարարվի «զրոյական կետ», եւ նա եւս երկու ժամկետով կպաշտոնավարի»։ Գործնականում եւ ինչու ոչ՝ իրավական առումով, դա միանգամայն հնարավոր եւ իրացնելի հնարավորություն էր, բայց Արկադի Ղուկասյանը 2005-ի տարեվերջին հրավիրեց մամուլի ասուլիս եւ հայտարարեց, որ սահմանադրության ընդունումից հետո չի մասնակցի նախագահական ընտրություններին եւ կհեռանա, ինչպես պահանջում է գործող օրենքը։ Այդ հայտարարությունը լիցքաթափեց իրավիճակը։
2007 թվականի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն քաղաքական խորհրդատվություններ նախաձեռնեց՝ առաջ բերելով նախագահի «միասնական թեկնածուի» գաղափարը, որն անմիջապես ստացավ Ազատ հայրենիք կուսակցության աջակցությունը։ ԱԺԿ-ին, որ մինչ այդ ուներ «իշխող կուսակցության» համարում, բայց գործադիր իշխանությունում առանձնակի ներկայացված չէր, մնում էր կա՛մ միանալ նախաձեռնությանը, կա՛մ մերժել եւ առաջադրել իր թեկնածուին։ Ընտրվեց հարմարվողական տարբերակը, իսկ կարճ ժամանակ անց Ազատ հայրենիքը հնչեցրեց նախագահի միասնական թեկնածուի անունը՝ ԱԱԾ տնօրեն Բակո Սահակյան։
Եվ ստացվեց այնպես, որ 2007-ի նախագահական ընտրություններից հետո Ազգային ժողովում քաղաքական ընդդիմություն այլեւս չէր կարող լինել։ ՀՅԴ-Շարժում 88 դաշինքի երեք պատգամավորներից մեկը՝ Գեղամ Բաղդասարյանը, հեռացավ խմբակցությունից, եւ մինչեւ 2010 թվականը ԼՂՀ խորհրդարանն ուներ 32 իշխանական եւ մեկ անկախ պատգամավոր։ Դա Գեղամ Բաղդասարյանն էր, միակը, ով քաղաքական համարձակություն ունեցավ դեմ գնալու «միասնական թեկնածու» աճպարարությանը։ (Տողերիս հեղինակը դա «նոնսենս» էր բնորոշել հարցազրույցներից մեկում, բայց ենթարկվել կուսակցական կարգապահությանը՝ որպես ԱԺԿ խմբակցության ղեկավար)։
ԼՂՀ սահմանադրության ոդիսականն, ահա, այսպես է սկսվել, իսկ ֆարսը՝ 2017-ին վերածվել ողբերգության, երբ առանց որեւէ քաղաքական անհրաժեշտության ձեւախեղվեց կառավարման առանց այդ էլ ոչ այնքան արդյունավետորեն գործող՝ «միասնական թեկնածուի» սկզբունքով «միքսված» համակարգը։
Լուծարվեց վարչապետի պաշտոնը, չեղարկվեց կառավարության գործունեության ծրագիրը խորհրդարանում «վստահության քվեի» դնելու սկզբունքը, նախագահին տրվեցին կառավարության կառուցվածք սահմանելու եւ անձնական որոշմամբ նախարար նշանակելու-ազատելու, ֆինանսները կառավարելու եւ այլ բացառիկ լիազորություններ։
Զավեշտն այն է, որ նոր սահմանադրության ընդունումը հիմնավորվում էր պատերազմի սպառնալիքով, բայց բուն տեքստում ոչ մի տող չեք գտնի, թե պատերազմական իրավիճակում կառավարման ինչ գործիքակազմ եւ ինչ մեխանիզմներ են աշխատելու։
Երբ 2018 թվականի հունիսի 1-ին Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում մամուլի ասուլիս էր հրավիրել, որ հայտարարի իր հրաժարականը, գրեթե նույն րոպեներին Սիվիլնեթի տաղավարում հարցազրույց էի տալիս Թաթուլ Հակոբյանին եւ հորդորում, որ Արցախում պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն, հաղթահարվի կազուսը, երբ նախագահի հրաժարականը ենթադրում է նաեւ Ազգային ժողովի լուծարում, այսինքն՝ բացահայտ անիշխանություն, որ կարող է բերել աղետի։
Այսօր էլ՝ պատերազմից մեկ տարի հետո, ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ Արցախում առաջին հրամայականը սահմանադրական բարեկարգումն է, կառավարման օպտիմալ եւ ցանկացած մարտահրավերի ադեկվատ արձագանքի պատրաստ համակարգի ձեւավորումը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել ներքաղաքական-հանրային նոր համաձայնությունների, համերաշխության, համախոհության։
Իշխանության կողմից արվող երկխոսության առաջարկությունները, որքան էլ ցավոտ լինի խոստովանել, մնալու են սկզբունքորեն անարձագանք։ Իրավիճակը պահանջում է սկսել եւ բանականորեն հնարավորինս սեղմ ժամկետներում սահմանադրական բաերկարգումների միջոցով լուծել իշխանության անառարկելի լեգիտիմության հարցը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։