Դուբայում ավարտվել է տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւ խաղաքարերով առավելության է հասել ռուս գրոսմայստեր Յան Նոպոմնյաշչիի նկատմամբ՝ արդեն 5-րդ անգամ պաշտպանելով շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։
Կարլսենը Նոպոմնյաշչիին հաղթել է 11-րդ պարտիայում՝ ժամանակից շուտ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի թագը։ Նեպոմնյաշչին մնացած 3 պարտիաներում հաղթանակի դեպքում անգամ չէր հասնելու Կարլսենին․ 11 պարտիայից հետո հաշիվը դարձել է 7,5-3,5։
Կարլսենը կստանա 1,2 միլիոն եվրո, Նեպոմնյաշչին՝ 800 հազար եվրո։
Նորվեգացի շախմատիստ, գրոսմայստեր Սվեն Մագնուս Կարլսենը աշխարհի 16-րդ չեմպիոնն է, աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում թիվ 1 շախմատիստը։ Նա աշխարհի չեմպիոն է դարձել 2013-ին:
Մագնուս Կարլսենն ամենաերիտասարդ տարիքում գրոսմայստերի կոչման արժանացած հինգերորդ շախմատիստն է աշխարհում՝ Սերգեյ Կարյակինից, Ռամեշբաբու Պրագնանանդհայից, Նոդիրբեկ Աբդուսատտորովից եւ Փարիմարյան Նեգիից հետո։ Նրա վարկանիշը՝ 2882, ամենաբարձրն է շախմատի ամբողջ պատմության ընթացքում: