ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը Ռաֆայել Ժոզանը նշել է, որ ֆրանսիական մի շարք ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների եւ ջրամբարների վրա արեւային վահանակներ տեղադրելու աշխատանքներով։ Նախարարն առաջարկել է, որ նրանք մասնակցեն այդ ոլորտների մրցութային գործընթացներին։
Քննարկվել է նաեւ Վեդու ջրամբարի կառուցման գործընթացը: Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար Արթուր Սողոմոնյանը նշել է, որ ջրամբարի կառուցման ժամկետների երկարաձգումը պայմանավորված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, սակայն այլ խոչընդոտներ չլինելու դեպքում նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2022-ի վերջում։
Ֆրանսիական կողմը եւս հավաստիացրել է, որ անկախ դժվարություններից, ամեն ինչ կարվի աշխատանքները նշված ժամկետում ավարտելու համար։
Վեդու ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն եվրո է, ներառյալ՝ 75 միլիոն եվրո վարկային միջոցները։