Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանին պարտավորեցրել է որպես բարոյական վնասի փոխհատուցում Արթուր Բադալյանին վճարել 30000 եվրո։
Մարուքյանը պարզաբանել է, որ Ադրբեջանը չի բողոքարկել ՄԻԵԴ–ի համապատասխան որոշումը, եւ այն այսօր մտել է օրինական ուժի մեջ։
2009-ի մայիսի 9-ին դիմումատուն անհետացել է եւ գերեվարվել ադրբեջանական ուժերի կողմից: Նրա հարազատները կապվել են Հայաստանի իշխանությունների հետ, որից հետո նա գրանցվել է որպես անհայտ կորած Հայաստանում, եւ ձեռնարկվել է վերջինիս որոնումը:
Արթուր Բադալյանի գտնվելու վայրը անհայտ է եղել ընտանիքի եւ Հայաստանի իշխանությունների համար մինչեւ 2010-ի նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան գրանցել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: Դրանից հետո ԿԽՄԿ-ն կալանավայրում պարբերաբար այցելել է դիմումատուին մինչեւ 2011-ի մարտի 17-ը, երբ նա ԿԽՄԿ-ի միջնորդությամբ գերիների փոխանակման շրջանակում վերադարձվեց Հայաստանի իշխանություններին: Փոխանակումը կատարվել էր Ակնայի շրջանում:
Չէր տրամադրել համոզիչ եւ բավարար բացատրություն
«Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռն ընդունվել էր 2021-ի հուլիսի 22-ին։ Դրանով Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը չէր տրամադրել համոզիչ եւ բավարար բացատրություն առ այն, որ Արթուր Բադալյանի հոգեկան առողջության լուրջ խնդիրները, որոնք ի հայտ էին եկել անազատությունից ազատվելուց անմիջապես հետո, որեւէ կերպ կապված չեն պահման պայմանների եւ այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանը ստացել էր անազատության մեջ գտնվելու ընթացքում:
Այսպիսով՝ Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածի խախտում, այն է՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
«Ավելին՝ Եվրոպական դատարանը նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը որեւէ նյութ կամ որեւէ տեղեկություն չէր ներկայացրել՝ ապացուցելու Բադալյանի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չէին բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում Բադալյանի գործի վրա, եւ Ադրբեջանը չէր պնդել, որ Բադալյանի կալանավորումը համապատասխանում էր ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, կամ որ Բադալյանին տրամադրվել էր որեւէ ընթացակարգային երաշխիք»,– հավելել է Մարուքյանը:
Այդ կերպ Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի խախտում, այն է՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան սույն հոդվածում սահնանված դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով»: