Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ֆրանսիացի հրապարակախոս, լրագրող Էրիկ Զեմուրը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին ժամանելու է Հայաստան։
«Ես Հայաստանում կլինեմ դեկտեմբերի 11-14-ը։ Մի ազգ, որը վաղուց բարեկամություն է անում Ֆրանսիայի հետ»,– գրել է նա։ Զեմուրը նաեւ հայտնել է, որ իր այցով հերթական անգամ աջակցություն կհայտնի հայ ազգին նրա վերապրած սարսափելի պատերազմի կապակցությամբ։
Ֆրանսիացի գործիչը Հայաստանում մտադիր է զբաղվել նաեւ ֆրանսիական ընկերությունների հնարավոր ներդրումների հարցերով` բանակցություններ վարելով այդ ուղղությամբ։
Էրիկ Զեմուրը 2022-ի ապրիլին նախանշված Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Վերջին սոցհարցումների համաձայն՝ Զեմուրը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու իրական հնարավորություն ունի, նրա օգտին պատրաստ է քվեարկելու ֆրանսիացի ընտրողների 12-15 տոկոսը։
Անվտանգության նկատառումներով ապագա թեկնածուի այցի ճշգրիտ ծրագիրը չի հրապարակվել, բայց այցը լուսաբանելու համար լրագրողների փոքրիկ խումբ է հավատարմագրվել։