Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կիսատ է թողել Սյունիքի ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցություններն ու վերադարձել Հայաստան՝ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։
Ադրբեջանի ներկայացուցիչն անսպասելի պայմաններ է առաջադրել, որոնք չեն բխում նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպման պայմանավորվածություններից: Խոսքը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մասին է, որոնց վերաբերյալ, պարզվեց, կողմերին չի հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել։
Մոսկովյան հանդիպումից օրեր անց Ադրբեջանի նախագահը Գուբինսկի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանից պահանջել էր նշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետները։ Հայաստանի համար իսկապես անակնկալ է եղել ադրբեջանական իշխանությունների այդ հայտարարությունը։
Ըստ հայկական կողմի՝ մինչ այժմ բոլոր քննարկումներն անցել են կառուցողական երկխոսության մթնոլորտում հույս կար, որ աշխատանքը կշարունակվի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արտացոլված սկզբունքների շրջանակներում, ինչպես նաեւ համաձայնեցված նախորդ հանդիպումներում:
Հայկական կողմի կարծիքով՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ ապաշրջափակման հարցում հաջողվել է փոխըմբռնման հասնել։ Կար նաեւ ըմբռնում, որ երկրները կպահպանեն ինքնիշխանությունը այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով։ Այնուամենայնիվ, փոխվարչապետը հույս է հայտնել, որ կողմերին դեռ կհաջողվի շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են։