ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 16-ին Սյունիքի Իշխանասարի հատվածում տեղակայված 3 հայկական մարտական դիրքերի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով տեղի ունեցած դեպքերից։
ՔԿ-ն հայտնել է, որ մարտական հերթապահությունում ընդգրկված դիրքի պատասխանատուն, դիրքի ավագն ու երկու դիտորդները խախտել են ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը, մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։
Մասնավորապես, տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, դիրքերի զինծառայողները, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի զինծառայողների հետ, որոնք փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։
Դիրքերի անձնակազմը թողել է մարտական դիրքերն ու դիմել փախուստի, որի հետեւանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր։ Փախուստի դիմած 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել ու գերեվարվել են։
Նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի եւ Դավիթ Հելբերտի Ամիրյանի դիերը 2021-ի նոյեմբերի 17-ին եւ 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ հայկական կողմին են վերադարձվել նոյեմբերի 26-ին եւ դեկտեմբերի 4-ին։ 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն եւ Ա.Մ.-ն ՀՀ վերադառնալուց հետո ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) կասկածանքով։ Դեկտեմբերի 8-ին եւ 9-ին առաջադրված մեղադրանքներով կալանավորվել են։
Բացի դրանից` նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեկ այլ մարտական դիրքի ավագ նշանակված զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ մայոր Ն.Ե.-ն եւս խախտել է ՀՀ ԶՈՒ կանոնագիրքը, ինչը նույնպես առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, գերեվարել դիրքում մնացած 13 զինծառայողների, մարտական դիրքն էլ անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Գերեվարված ու սպանված զինծառայողներ Տարոն Ջիվանի Սահակյանի եւ Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը Հայաստանին են վերադարձվել նոյեմբերի 17-ին ու 19-ին, 4 զինծառայողներ (նրանց թվում՝ մայոր Ն.Ե.-ն)` դեկտեմբերի 4-ին, մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։ Մայոր Ն.Ե.-ն 2021-ի դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է։