Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) իր զեկույցում հայտնել է, որ 2021-ին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար բանտարկված մեդիա ոլորտի մասնագետների թիվը հասել է ռեկորդային 293-ի։ 2020-ին ձերբակալվածների թիվը 280 էր:
Լրատվամիջոցների ձերբակալված աշխատակիցների մեծ մասը Չինաստանում է՝ 50 մարդ։ Արդեն երրորդ տարին Չինաստանը «լրագրողների ամենադաժան բանտապանն» է։
Երկրորդ հորիզոնականում Մյանման է․ այստեղ զինվորականների կողմից իշխանությունը զավթելուց հետո բանտ է ուղարկվել 26 լրագրող։ Երրորդ տեղում Եգիպտոսն է (25), չորրորդում՝ Վիետնամը (23)։
Հնգյակը եզրափակում է Բելառուսը: Ներկա պահին Բելառուսում ազատազրկման վայրերում է առնվազն 19 լրագրող, որոնց թվում՝ իշխանությունների կողմից լուծարված ամենահեղինակավոր TUT.by կայքի աշխատակիցները եւ «Комсомольская правда»-ի թղթակից Եվգենի Մոժեյկոն։
Տասնյակում են նաեւ Թուրքիան (18), Էրիթրեան (16), Սաուդյան Արաբիան (14), Իրանը (11):
Թուրքիան նախկինում այս ցանկի առաջին տեղում էր։ Անցյալ տարի թուրքական իշխանություններն ազատ արձակեցին 20 մարդու, ինչը զեկույցի հեղինակներին չի համոզել դա խոսքի ազատությանն առնչվող իրավիճակի բարելավման նշան դիտարկել:
CPJ-ն նշել է, որ Սաուդյան Արաբիայում 2018-ին լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանությունն ավելի արդյունավետորեն լռեցրեց լրագրողական համայնքը, քան ձերբակալությունների նոր ալիքները։
Ռուսաստանում 14 լրագրող է կալանավորվել։ Ըստ CPJ-ի զեկույցի՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում լրագրողներ չեն կալանավորվել։
«Աշխարհում ձերբակալված լրագրողների թիվը վեց տարի անընդմեջ 250-ը գերազանցելու պատճառները տարբեր երկրներում տարբեր են: Բայց ամենուր նկատվում է անկախ լրագրության մերժման հստակ միտում»,- ասված է կոմիտեի զեկույցում։
CPJ-ն ընդգծել է, որ 2021-ին ամբողջ աշխարհում առնվազն 24 լրագրող մահացել է մասնագիտական գործունեության համար․ 3-ը սպանվել է «թեժ կետերում» աշխատելիս, 2-ը՝ փողոցային բողոքի ցույցերը լուսաբանելիս, եւս 18-ը մահացել է անհասկանալի հանգամանքներում։