Պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել ուշագրավ փաստերի, ըստ այդմ` նաեւ ընդհանուր պատկերացում կազմել երկրում այս կամ այն ոլորտի վիճակի վերաբերյալ: Զորօրինակ՝ Հայաստանի ժողովրդագրական վիճակը:
Հիմա Հայաստանում քչերն են հիշում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «ռազմավարական նպատակները»՝ Հայաստանի բնակչությունը մինչեւ 2050 թվականը 5 միլիոնի հասցնելու մասին։ Նրանից առաջ էլ Սերժ Սարգսյանն էր խոստացել մինչեւ 2040 թվականը երկրի բնակչությունը հասցնել 4 միլիոնի: Եթե անկեղծ, հիմա արդեն այս ամենը հիշելն իմաստ չունի: Հատկապես, երբ Հայաստանում նման խոստումների, զարգացման ռազմավարական զանազան ծրագրերի պակաս չի եղել, մանավանդ վերջին տարիներին: Անկախ հնչած խոստումներից` մեր իրականությունը չի փոխվել:
Բայց վերադառնանք մեր երկրի ժողովրդագրական ցուցանիշներին, որոնք մեղմ ասած մտահոգիչ են: Երկրի բնակչությունը վերջին տարիներին շարունակում է նվազել. այս փաստը երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը եղել է 2 մլն 998.6, 2017-ին ցուցանիշը նվազել է, դարձել 2 մլն 986.1 հազար։ 2018-ին բնակչության թիվը եղել է 2 մլն 972.7 հազար, 2019-ին՝ 2 մլն 965.3 հազար, 2020-ին՝ 2 մլն 959.7 հազար եւ վերջապես՝ 2021-ի տարեսկզբին՝ 2 մլն 963.3 հազար: Այլ կերպ ասած՝ հինգ տարում Հայաստանի բնակչությունը նվազել է 35.3 հազարով, իսկ միայն վերջին երեք տարում՝ Փաշինյանի իշխանության օրոք՝ 9.4 հազարով:
Հանուն արդարության պետք է արձանագրենք՝ այս տարի հունվարի համեմատ, հոկտեմբերին բնակչության թիվը մի փոքր ավելացել է՝ 2 մլն 963.3 հազարից դառնալով 2 մլն 966.8 հազար: Բայց ցուցանիշն այնքան էլ ուրախալի չէ, եթե հաշվի առնենք փաստը, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այնուամենայնիվ, անկում է արձանագրվել. 2020 թվականի հոկտեմբերի 1-ին երկրի բնակչությունը 2 մլն 967.9 հազար էր՝ 4.6 հազարով շատ:
Հայաստանում այս տարիներին ավելացել է միայն մայրաքաղաքի բնակիչների թիվը, իսկ ահա մարզերում ընդհակառակը հիմնականում բացասական միտումներ են արձանագրվել: Երեւանի բնակչության աճի պատճառը ներքին միգրացիան է, բայց ինքնին Երեւանի բնական հավելաճը փոքր է:
Մի քանի խոսք նաեւ բնական հավելաճի՝ ծնվածների ու մահացածների թվի տարբերության մասին, որը եւս մտահոգիչ է: Նախ՝ տարեցտարի նվազել է ծնվածների թիվը: 2016-ին ՀՀ-ում ծնվել է 40 հազար 592, 2018-ին՝ 36 հազար 574 երեխա, 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 36 հազար 353: Փոխարենն այս ընթացքում աճել է մահացության ցուցանիշը. 2016-ին մահացել է 28 հազար 226, 2018-ին՝ 25 հազար 751 մարդ, իսկ արդեն 2020-ին այս ցուցանիշը հասել է 36 հազար 170-ի:
Արդյունքում, եթե 2016-ին բնական հավելաճը 12 հազար 366 էր, 2018-ին այս թիվը հասել է 10 հազար 823-ի, իսկ 2020-ին բնական հավելաճի ցուցանիշը եղել է աննախադեպ ցածր՝ ընդամենը 183:
Բնական հավելաճն աննախադեպ ցածր է նաեւ այս տարվա հունվար-հոկտեմբերի կտրվածքով. 2021-ի տասը ամսում երկրում ծնվել է 30 հազար 282 երեխա, ինչը 2019-ի համեմատ ավելի է 372-ով, բայց հաշվի առնելով մահացածների թիվը, որ գնալով ավելացել է, այն էլ՝ կտրուկ տեմպերով՝ բնական հավելաճն այս տարի կարելի է աննախադեպ քիչ համարել. 2019-ի տասը ամսում բնական հավելաճը եղել է 8 հազար 307, 2020-ին՝ 4 հազար 627, եւ վերջապես այս տարի՝ 3 հազար 146:
Վիճակագրական ցուցանիշները կարելի է երկար թվարկել, համեմատություններ անցկացնել: Սակայն այսքանն էլ բավական է, որ պարզ դառնա, թե ինչ վիճակ է Հայաստանում:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: