Դեկտեմբերի 9-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության երեւանյան գրասենյակի դահլիճում տեղի ունեցավ պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան – Թուրքիա. Պետականութիւն, պատմութիւն, քաղաքականութիւն» աշխատության շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:
Հանրությանը ներկայացվեց մեծածավալ հատորաշարի առաջին հատորը. մյուսները կհրատարակվեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Գիրքն իր մեջ ներառում է հեղինակի՝ տարբեր տարիներին գրած եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հոդվածներ, զեկույցներ, հարցազրույցներ։ Ներածականում պատմաբանը նշում է, որ թեմայի շուրջ գրքում հավաքված նյութերը կարելի է ընկալել վեց հարակից չափումներով։ Դրանք են.
Անկախ Հայաստա՞ն․ այս չափման առանցքային հարցն այն է, թե արդյոք ժամանակակից պատմությունն ու ներկա պայմանները հաշվի առնելով՝ անկախ Հայաստանը կարող է գոյություն ունենալ։
Հայկական հարցի միջազգայնացո՞ւմ․ այս չափման համատեքստում հեղինակը բարձրացնում է այն հարցը, թե ինչ է տվել ու տալիս մեզ հայկական հարցի միջազգայնացումը, եւ արդյոք ինքներս մեզ ծուղակը չենք գցում այդ հարցի կարեւորությունն աղճատված պատկերով ընկալելով:
Վախը՝ որպես ռազմավարություն․ այս չափման տակ հեղինակը ներկայացնում է Թուրքիայից ու թուրքերից վախի զգացման անատոմիան, ներկայացնում է այդ վախը չհաղթահարելու, այն չափազանցված ընկալելու հետեւանքով առաջացած բարդույթները:
Պատմականն ու քաղաքականը․ գրքում զետեղված հոդվածներն ու հարցազրույցները անդրադառնում են ցեղասպանության ու հարակից թեմաներին՝ բխեցնելով էութենական ու քաղաքական հարցադրումներ․ այստեղից էլ՝ չափման այս ձեւակերպումը։
Խոսե՞լ հակառակորդի հետ, հասկանա՞լ հակառակորդին, թե՞ հայհոյել նրան․ այս չափումով հատորը անդրադառնում է այն հարցին, թե որեւէ հակառակորդի պարագայում արդյոք նրա հետ խոսելը, նրա նպատակներն ու շարժառիթները հասկանալը կարեւոր են, թե ավելի կարեւոր է մերժել հաղորդակցման ցանկացած փորձ ու միայն հայհոյելով առնչություն ունենալ հետը։
Հարափոփոխ հարց․ այս չափմամբ գիրքն անդրադառնում է այն հարցին, որ որեւէ թեմա, կլինեն հայ-թուրքական հարաբերությունները առհասարակ, թե նրա առանձին բաղադրիչներ, միշտ նույն կայուն մոտեցմանը չեն արժանացել երկուստեք, այլ միշտ փոփոխությունների են ենթարկվել՝ կախված ժամանակից, համատեքստից ու երկու երկրների իշխանությունների ունեցած նպատակներից։
Շնորհանդեսի ընթացքում գրքի վերաբերյալ կարծիք-զեկույցներով հանդես եկան ազգագրագետներ Հրանուշ Խառատյանն ու Հարություն Մարությանը։ Ժիրայր Լիպարիտյանը դասախոսություն կարդաց հայ-թուրքական հարաբերությունների առանձնահատկությունների, դրանց հիմքում ընկած խնդիրների, այդ խնդիրներն ընկալելու տարաբնույթ մեթոդների շուրջ։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։