Երեւանում վաղ առավոտից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում։ Ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել։ Նրանք դժգոհ են աշխատավարձերի վճարման նոր համակարգից։ Կանգառներում մարդկանց կուտակումներ են։ Տրանսպորտի բացակայությունից օգտվելով՝ տաքսիները բարձրացրել են սակագները։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է այսօր Երեւանում ստեղծված տրանսպորտային խնդիրը։
Նա նշել է, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես աշխատավարձի բարձրացում։
Կարապետյանն ընդգծել է, որ ներկայում քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։
Մամուլի խոսնակը նշել է, թե որոշ վարորդներ պահանջում են նաեւ վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սեւ» եկամուտ։
Նա շեշտել է, որ քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում եւ շարունակելու է հետեւողական քայլերը հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու եւ օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Շարունակաբար բարելավվում ու բարելավվելու են վարորդների աշխատանքային պայմանները։
«Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է եւ չի կարող արդյունք տալ»,- պնդել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։
Հակոբ Կարապետյանը շեշտել է, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն այս պահին աշխատանքներ են տանում վիճակը շտկելու եւ տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։
Երեւանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, երթուղի է դուրս եկել դեկտեմբերի 12-ին: Դրանք սպասարկելու են Երեւանի 3, 20, 97, 99 ավտոբուսային երթուղիները։ 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:
Նոր ավտոբուսներ պետք է բարձրանալ առջեւի դռնից ու նախօրոք վճարել՝ 100 դրամանոցը գցելով վճարման սարքի մեջ։ Սրահը տեսահսկվում է։
Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որը դասվում է «կանաչ» վառելիքների շարքին։
2022-ին քաղաքը համայնքի բյուջեով եւս 100 ավտոբուս կգնի: Բացի դրանից՝ Եվրամիության գործընկերների հետ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կգնվի եւս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս: