Թուրքահայ ուսուցիչների հիմնարկը լույս է ընծայել հայտնի լեզվաբան, հայագետ եւ թուրքագետ, թուրքական ժամանակակից այբուբենի եւ քերականության գրքերի հեղինակ Հակոբ Մարթայանի մասին գիրք՝ «Աթաթիւրքէն յիշատակներ» վերնագրով: Հրատարակվել են գրքի թե՛ հայերեն, թե՛ թուրքերեն տարբերակները:
Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլում գործող թուրքահայ ուսուցիչների հիմնարկից, գրքերը նպատակ ունեն վերարժեւորելու ժամանակակից թուրքերենում մեծ ներդրում ունեցած եւ այդ լեզվում բարեփոխումներ իրականացրած մասնագետներից մեկի՝ պոլսահայ Հակոբ Մարթայանի անուրանալի վաստակը, հատկապես հանրապետական շրջանում նրա կատարած եզակի գործը, որը նրան վստահել էր Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը: Հակոբ Մարթայանը նաեւ Մուստաֆա Քեմալին Աթաթուրք («թուրքերի հայր») կոչումն առաջարկողն է եղել, ինչն ընդունել է Թուրքիայի առաջին նախագահը, դարձրել անուն, որով էլ հայտնի է ամբողջ աշխարհում: Մինչ այդ Մուստաֆա Քեմալը թուրքերենի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման եւ լեզուն պարսկերեն եւ արաբերեն արմատներից մաքրելու համար նրան շնորհել է «Դիլաչար» («լեզու բացող») պատվանունը, որով երկար ժամանակ ստորագրել է Հակոբ Մարթայանը:
Գիրքը նպատակ ունի նաեւ հերքելու Հակոբ Մարթայանի՝ ոչ հայ լինելու մասին տարածված խոսակցությունները. թուրքական մամուլը, անդրադառնալով թուրքերենի զարգացման հարցերին, այդ զարգացման մեջ ամենամեծ ներդրումն ունեցած Հակոբ Մարթայանին հաճախ ներկայացնում է «Ադիլ Աչառ» հնարածին անունով, ինչն անծանոթ անվանում է ամբողջ կյանքում Մարթայան ազգանունից չհրաժարված, երբեմն Հակոբ Դիլաչար ստորագրած լեզվաբանի համար:
Տեղեկացանք նաեւ, որ թուրքահայ ուսուցիչների հիմնարկը, Մարթայանին նվիրված այս գրքից բացի, նախորդ տարիներին հրատարակել է նաեւ Հակոբ Մարթայանի «Համայնապատկեր հայ մշակույթի» ուսումնասիրությունը՝ հինգ հատորով, որոնց մեջ ամփոփված նյութերը 1960-ականներին իբրեւ թերթոն լույս են տեսել «Մարմարա» օրաթերթում:
Լեզվաբանը նաեւ Թուրքիայի հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է եղել, գրել է նաեւ այլ լեզուներով գրքեր, տիրապետել է մոտ քսան լեզվի, մասնակցել է նաեւ Թուրքիայի սահմանադրության ստեղծմանն ու երկրի հանրապետական կարգը կատարելագործելուն:
Հակոբ Մարթայանը ծնվել է 1895-ին Ստամբուլում, սովորել է Ռոբերտ քոլեջում, հետագայում եղել է այդ քոլեջի անգլերենի դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «արվեստի մագիստրոս» տիտղոս եւ պրոֆեսորի կոչում (1922)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է կովկասյան ճակատում: Գործունեություն է ծավալել Բեյրութում, Սոֆիայում եւ այլ քաղաքներում, զբաղվել հայագիտությամբ: Եղել է Բեյրութի առաջին հայկական վարժարանի տնօրենը, Բեյրութի «Լույս» շաբաթաթերթի խմբագիրը, Սոֆիայում հիմնադրել է հայկական «Ռահվիրա» եւ «Մշակույթ» թերթերը: Հեղինակել է մի շարք հայագիտական աշխատություններ՝ «1500-ամյակի խոհեր», «Աստվածաշունչը եւ աշխարհաբարը» եւ այլն:
Թուրքիա է վերադարձել 1932-ին՝ մասնակցելու նախագահական պալատում կայացած թուրքական լեզվագիտական առաջին համագումարին, ինչն էլ դարձել է նրա ու Մուստաֆա Քեմալի բարեկամության սկիզբը: Մարթայանը մահացել է 1979-ին: