ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները հումանիտար-բժշկական ստուգարշավ են իրականացրել ԼՂ Ասկերանի շրջանի Պատարա հեռավոր լեռնային գյուղ: Որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվել կարիքավոր տեղացիներին, նրանց թվում՝ երեխաներին, փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին:
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Իվանովը հայտնել է, որ ռազմական բժիշկները ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերել Պատարա գյուղի ավելի քան 60 բնակչի:
Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները կատարել են վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի եւ նյարդաբանի ընդունելություն եւ բժշկական խորհրդատվություն:
Պատարա գյուղի բուժկետի վարիչ Էլմիրա Ղահրամանյանը հավելել է, որ գյուղացիները շատ գոհ են բժիշկ-խաղաղապահներից, որոնք որակյալ բուժօգնություն եւ պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացրին բնակչության շրջանում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանը պարբերաբար աշխատանքներ է տանում հարկադիր վերաբնակեցվածների եւ բազմազավակ ընտանիքների շարքերում կարիքավոր քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ, որոնք հայտնվել են կենսական բարդ իրավիճակում եւ հասցեական օգնության տրամադրման կարիք ունեն։