ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը Blue Origin-ի հիմնադիր, ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսին եւ բրիտանացի ձեռներեց Ռիչարդ Բրենսոնին ճանաչել է որպես տիեզերագնացներ:
Վարչությունը տիեզերագնացի որակավորում է շնորհել նաեւ 90-ամյա «Աստղային ուղի» հեռուստասերիալի աստղ, կանադացի դերասան եւ գիտաֆանտաստիկ վեպերի հեղինակ Ուիլյամ Շեթներին:
2021-ի հուլիսին Virgin Galactic-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն ընկերության արտադրության Unity ենթաուղեծրային տիեզերանավով հասել է ավելի քան 80 կիլոմետր բարձրության: Նրա անձնակազմի անդամներն էին նաեւ օդաչուներ Դեյվ Մակքեյն ու Մայքլ Մասուչին: Անձնակազմի մյուս անդամներն էին Virgin Galactic-ի գլխավոր տիեզերագնաց-հրահանգիչ Բեթ Մոզեսը, շահագործման գծով առաջատար ինժեներ Քոլին Բենեթն ու կառավարության հետ կապերի գծով ընկերության փոխնախագահ Սիրիշա Բանդլան:
Ինն օր անց Blue Origin-ի հիմնադիր եւ սեփականատեր Ջեֆ Բեզոսը 10 րոպեանոց թռիչք է կատարել տիեզերք իր New Shepard ընկերության տիեզերանավով: Նրա հետ էին նաեւ եղբայրը՝ Մարկ Բեզոսը, 82-ամյա նախկին օդաչու Ուոլի Ֆանկն ու դպրոցի 18-ամյա շրջանավարտ Օլիվեր Դեյմենը։
Ըստ վարչության պաշտոնական կայքի՝ նորաթուխ տիեզերագնացները համապատասխան կրծքանշան կստանան: Պարգեւատրումը տեղի կունենա Space Astronaut Wings («Տիեզերագնացի թեւեր») ծրագրի շրջանակում: