ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է ընդունել հանցակազմի բացակայության հիմքով։ Հիմնադրամից նշել են, որ խոսքը 2018-ին ԿԳ նախարարի հայտարարությունից սկիզբ առած եւ մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ:
«ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբի»-ի կատարած որեւէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում:
Հիմնադրամը նշել է, որ ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում են իրականացրել «Այբի» նկատմամբ:
Բազմաթիվ ստուգումների եւ քննության արդյունքները ցույց են տվել, որ «Այբ»-ում չարաշահումներ չկան, ինչն ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար։ Հիմնադրամը նշել է, թե ստիպված են արձանագրել, որ պետական զգալի ռեսուրսի իրացում է պահանջվել Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները հերքելու համար։
Հիմնադրամն ընդգծել է, որ «Այբ» համայնքը ոչ միայն պայքարել է իր անվան եւ իր ստեղծած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ հարձակումների դեմ, այլեւ հետեւողականորեն շարունակել ներդրումներ կատարել, պահպանել եւ զարգացնել Արարատյան բակալավրիատը` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի աշակերտներին այն հասանելի դարձնելու նոր հնարավորություններ փնտրելով:
Արարատյան բակալավրիատն առ այսօր միջազգային ճանաչում ունեցող եւ բրիտանական A Level եւ ամերիկյան Advanced Placement որակավորումներին համարժեք միակ հայալեզու կրթական ծրագիրն է։
Հաղորդագրությունում ընդգծվել է, որ ՀՀ ԿԳ նախարարությունը 2018-ին առանց որեւէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, ինչի հետեւանքով Հայաստանի մարզերում եւ Արցախում բազմահազար աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այդ ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից`առանց համարժեք այլընտրանք ունենալու:
«Փոշիացվեցին ծրագրի իրականացման նպատակով պետության եւ «Այբ» հիմնադրամի ներդրած հսկայական ֆինանսական միջոցներ ու բազմաթիվ մասնագետների կատարած մտավոր ներդրումները: Մեր զավակներին պատճառված այս աններելի վնասի եւ դրա հետեւանքների վերացման ուղղությամբ «Այբ» հիմնադրամը հետեւողականորեն իրականացրել եւ իրականացնելու է օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,- շեշտված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
2021-ի հունվարին քրգործ հարուցվեց «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերեւույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Քրգործը հարուցվեց ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ։
2018-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե «Այբ» կրթական հիմնադրի համահիմնադիր եւ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանան ամենամեծ վնասն է հասցրել կրթական համակարգին։ «Արարատյան բակալավրիատում» ամիսներ տեւած ֆինանսական աուդիտ անցկացվեց, բայց որեւէ չարաշահում չհայտնաբերվեց։