Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկրում գործող բազմաթիվ մզկիթներից 21-ը փակել՝ դրանց ծայրահեղական գործունեության համար:
Ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում երկրի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինը հայտարարել է, որ նման կասկածանքով ստուգման է ենթարկվել 99 մզկիթ:
Եվս վեց մզկիթի գործունեության դադարեցման գործընթացը շարունակվում է:
Նախարարը նշել է, որ վերոնշյալ քայլերը Ֆրանսիայի իշխանություններն իրականցնում են «անջատողականության դեմ պայքարի մասին» օրենքի շրջանակում:
Միեւնույն ժամանակ ՆԳ նախարարը քննադատել է հանրապետականներին եւ ծայրահեղ աջերին՝ օրենքի ընդունմանը «կողմ» չքվեարկելու համար: Մինչդեռ, ըստ Դարմանինի, հենց նշված օրենքի շնորհիվ է Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ նման քանակի մզկիթ փակվում:
Եվս 36 մզկիթի տեսչական ստուգումը ոչ մի փոփոխություն չի հարուցել, քանի որ դրանց գործունեությունը չի հակասում Ֆրանսիայի օրեննքերին: Վերոնշյալ մզկիթներից մի քանիսի արտաքին ֆինանսավորումը դադարեցվել է, մզկիթներից մեկի իմամին, որին մեղադրում էին ծայրահեղականության համար, հեռացրել են աշխատանքից:
Նախարարը հայտնել է, որ մզկիթների գործունեության ստուգումներն այսուհետեւ շարունակական կլինեն: Ժերար Դարմանինը նշել է, որ երկրում չկան ծայրահեղականությանն առնչվող պաշտամունքային կառույցներ: Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳ նախարարի, Ֆրանսիայում մահմեդականների վերաբերյալ լուրջ խնդիրներ չկան:
«Անջատվողականության դեմ պայքարի մասին» օրենքը, որ հետագայում վերանվանվեց «Հանրապետության սկզբունքների հանդեպ հարգանքն ամրապնդող օրենքի», որի վերաբերյալ 2020-ի հոկտեմբերի 2-ին ելույթ էր ունցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ընդունվել է ընթացիկ տարվա օգոստոսին: