ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ Իտալիայի Rai 1 հեռուստաընկերությունը ցուցադրել է Արցախյան վերջին պատերազմին, դրա պատճառներին ու հետեւանքներին վերաբերող ծավալուն ֆիլմ, որը նկարահանել է հեռուստաընկերության հայտնի պրոֆեսիոնալ լրագրող Ստեֆանիա Բատիստինին։
Արման Թաթոյանը իտալացի լրագրողին ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի վայրագությունները․ «Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր. նրանք կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետեւ նրանք այդ տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հայկական միջավայրում, իսկ իրենց շրջանում արժանանում էին խրախուսանքի: Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ ներգրավվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական տարրեր պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր»:
ՄԻՊ-ը ֆիլմում ընդգծել է, որ պատերազմական նման հանցանքները, դաժանությունները դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում ծնելու են նոր` ավելի ծանր հանցանքներ։
Թաթոյանը ֆիլմում խոսել է նաեւ պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Նա խոսել է միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ այդ ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ինչը ցեղասպան քաղաքականության հետեւանք է:
ՀՀ ՄԻՊ-ը ֆիլմում ներկայացրել է փաստեր Ադրբեջանի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման վերաբերյալ։ Նա Ստեֆանիա Բատիստինիին ցույց է տվել լուսանկարներ եւ տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են վարվում ադրբեջանցիները հայ զինծառայողների հետ․ նրանք օգտագործել են ֆոսֆորային զենք, որը տարածվում է մարդու ամբողջ մարմնով ու քայքայում է այն, ողջ-ողջ գլխատել են մի տարեց արցախցու եւ այլն։
Լրագրողը տեսանյութերը դիտելուց հետո շեշտել է, որ դրանք շատ նման են վերջերս Սիրիայում «Իսլամական Պետության» ԴԱԵՇ խմբավորումների իրականացրած գործողություններին։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ պատերազմի վերաբերյալ բոլոր զեկույցներն ուղարկվել են Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ, ԵԱՀԿ, Human Rights Watch։