Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումներից հետո վարորդները վերադարձել են աշխատանքի:
«Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ»,- նշել է Կարապետյանը:
Նա շեշտել է, որ քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է կենսական կարեւորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար:
Մամուլի խոսնակն ընդգծել է, որ տրանսպորտային ցանցի բարեփոխման գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները քաղաքային իշխանությանը չեն կարող շեղել նպատակի իրագործումից:
Կարապետյանը հայտնել է նաեւ, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Վաղ առավոտյան «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մի խումբ վարորդներ աշխատանքի դուրս չէին եկել։ Կանգառներում մարդկանց կուտակումներ էին առաջացել: Վարորդները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում: